«Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին:
Նրանք եկել են ՀՀ նախագահի աշխատակազմին հանձնելու իրենց երրրորդ նամակ-բողոքը՝ ընդդեմ «Արմավիա»-ի ղեկավարության: Աշխատակցիներն ասել են, որ նախորդ նամակի պատասխանն իրենք նույնիսկ չեն տեսել, քանի որ այն ուղարկվել է ոչ թե նամակը գրած օդաչուներին, այլ «Արմավիա»-ի սեփականատեր՝ Միխայիլ Բաղդասարովին:
Օդաչուները Epress.am-ի հետ զրույցում պատմել են, որ Բաղդասարովին զայրացրել է այն, որ իր աշխատողները բողոքել և իրենց չստացած աշխատավարձերն են պահանջել:
«Բողոքեցի՞ք: Ձեր նախագահն օգնե՞ց ձեզ», – իրենց ընդունելով՝ ասել է Բաղդասարովը:
Օդաչուների փոխանցմամբ՝ Բաղդասարովն ասել է, որ մտադիր էր աշխատավարձերը վճարել, սակայն նրանց, ովքեր ստորագրել են իր դեմ բողոքը, զգուշացրել է, որ ամենավերջում են փող ստանալու:
«Եվ, իրոք, ինքն իր դիմաց ունի նամակի տակ ստորագրածների անուն-ազգանունները: Վերջերս աշխատանքի ընդունման մրցույթ էր հայտարարել Վրաստանում աշխատելու համար և կանչել էր միայն նրանց, ովքեր չէին ստորագրել բողոքի տակ»,- ասել է բորտուղեկցորդուհիներից մեկը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:
Ինչպես նախորդ, այնպես էլ այսօր հանձնած նամակում նշված է «Արմավիա»-ի աշխատակիցների հիմնական պահանջը՝ հասանելիք աշխատավարձերի վճարումը:
Նրանց մեծ մասը աշխատավարձ չի ստացել 2012 թվականի հոկտեմբերից: Աշխատակիցների խոսքով՝ շատ նախկին աշխատողներ՝ հիմնականում օդաչուներ, առանց սպասելու իրենց պարտքերին հեռացել են Հայաստանից և այլ երկրներում աշխատանք գտել: Այժմ իրենց աշխատավարձերը պահանջում են մոտ 150 օդաչուներ, բորտուղեկցորդներ և տեխնիկական սպասարկման ծառայության աշխատակիցներ:
Նախորդ նամակից հետո ղեկավարության արձագանքի պատճառով՝ «Արմավիա»-ի աշխատողներն այս անգամ նախագահին գրել են նաև ընկերության ղեկավարության թույլ տված այլ խախտումների մասին:
Մասնավորապես, նրանք նշել են, որ 2011 թվականի հունվարից իրենց սոցվճարները և եկամտահարկերը չեն փոխանցվել պետբյուջե, ինչն անդրադառնալու է իրենց թոշակների վրա:
«Մենք այս մասին դիմել ենք և՛ աշխատանքի պետական տեսչություն, և՛ սոցնախարարություն, սակայն մեզ ասում են, որ չեն կարող ոչինչ անել, քանի որ «վերևից ստոպ է տված»: Ամեն խախտում Բաղդասարովը թույլ է տվել, ուրեմն կարող է նա աշխատանքային օրենսգիրքը խախտի ու պատասխան չտա»,- ասել է բորտուղեկցորդներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ:
Բողոքի մասնակիցները նաև կասկածներ են հայտնել, որ ինքը՝ Բաղդասարովը, միտումնավոր է ընկերությունը տարել սնանկացման:
«Կարծում եմ՝ դա արհեստական սննակացում էր: Այս ամեն ինչի համար ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի, քանի որ մի օրում 450 հոգի դարձավ գործազրուկ»,-ասել է նախկին աշխատող Եվգենյա Ավետիսյանը:
Օդաչուները պատմել են, որ փորձել են դեռ մինչ ընկերության սնանկացումը ստանալ իրենց աշխատավարձերը:
«Մարտին մեզ Բաղդասարովն ասել է, որ 10 օրից կտա մեր աշխատավարձերը, սակայն չի տվել, և մենք գործադուլ արեցինք մարտի 29-ին: Դրա մասին ոչ ոք չիմացավ, քանի որ «Արմավիան» հայտարարեց, որ չվերթներ չեն լինի սնանկության պատճառով», – ասել է օդաչու Արսեն Սարիբեկյանը:
Նախագահականի ընդունարան գնացած պատվիրակները, վերադառնալով, հայտնել են, որ իրենց խոստացել են պատասխանել 7 օրվա ընթացքում: