Միայն լուսանկարվելու հանդիսավոր արարողությունից առաջ պարզ դարձավ, որ ՀԱՊԿ գագաթաժողովից բացակայում են երկու երկրների՝ Հայաստանի և Բելառուսի նախագահները: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը, ով ՀԱՊԿ անդամն երկրների շարքում լուրջ բացեր է նկատել Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում կայացած գագաթաժողովի ընթացքում:
Հայաստանի և Բելառուսի նախագահների բացակայության վերաբերյալ պաշտոնական բացատրություններ չեն եղել, և լրագրողին հաջողվել է զրուցել միայն ղրղզական պատվիրակության ներկայացուցչի հետ:
Կոլեսնիկովը, մասնավորապես, գրել է.
«Լուսանկարվելու հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Վլադիմիր Պուտինը, Էմոմալի Ռահմոնը, Նուրսուլթան Նազարբաևը և Ալմազբեկ Աթամբաևը: Թեև, հաշվի առնելով հանգամանքները, արարողությունն այդքան էլ հանդիսավոր չէր: Այնուամենայնիվ, զարմանալի է, որ լրագրողները նախագահների շարքում երկու այդպիսի բացերը չնկատեցին և ավելորդ հարցեր այդ թեմայի շուրջ ոչ մեկին չտվեցին:
ՀԱՊԿ-ի գագաթնաժողովները սովորաբար չեն փայլում թափանցիկությամբ: Երեկվանը չափազանց փակ էր անգամ սովորական հանդիպումների համեմատ: Պարզապես հնարավոր չէր ինչ-որ մեկից մեկնաբանություն ստանալ այն մասին, թե ինչ էր քննարկվում:
Լրագրողներին հանդիպեց ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ հայտնելով միայն, որ ակտիվ քննարկվել է Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման հարցը, ինչպես նաև Ռուսաստանից Ղազախստանի և Ղրղզստանի միջով Տաջիկստան երկաթուղու հնարավոր կառուցման խնդիրը (հեռանկարում երկաթուղին պետք է շարունակվի դեպի Իրան՝ Պարսից ծոցի ափ, սակայն այն փաստը, որ հենց ծոցը պետք է դառնա երկաթուղու վերջնակետը, ոչ ոք դեռևս հստակ չի գիտակցում):
Ոչ մի մեկնաբանություն չեղավ նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի և Սերժ Սարգսյանի բացակայության մասին: Առաջնորդներից և ոչ մեկը, անգամ գագաթաժողովն ընդունող կողմի նախագահը (սովորաբար նա գոնե կարճ հայտարարության համար հայտնվում է) լրագրողների առջև չերևացին:
Հնարավոր է՝ ոչ ոք չէր ցանկանում բացատրություններ տալ հենց երկու նախագահների բացակայության վերաբերյալ:
Ամեն դեպքում, գագաթաժողովի ավարտից անմիջապես հետո ինձ հաջողվեց զրուցել Ղրզստանի պատվիրակության անդամներից մեկի հետ: Նրա խոսքով՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին Բիշկեկում շատ էին սպասում, բայց տեսնելու հույս չունեին: Հայտնի է, որ Բելառուսը քաղաքական ապաստան է տրամադրել Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բաքիևին և նրա ընտանիքի անդամներին, որոնց հանձնումը առաջին տարին չէ որ պահանջում է Ղրղզստանի ղեկավարությունը: Ակնհայտ է, որ Բելառուսի նախագահը չէր ցանկանում պահանջերը լսել Բաքիևի հայրենիքում:
Սերժ Սարգսյանի մասով վարկածները շատ են: Ամենատարածվածը՝ նրա բացակայության պատճառներով գրեթե ոչ ոք չի հետաքրքրվել: Վերջիվերջո Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման հետևանքներն իրեն այդքան էլ չեն հետաքրքրում, գոնե այն պատճառով, որ Հայաստանը Աֆղանստանից վտանգավոր տարածության վրա չի գտնվում:
«Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը տեղեկացրել է գործընկերներին, որ չի կարող գալ, քանի որ շատ զբաղված է ներքին գործերով:
Միայն այդ փաստը խոսում է այն մասին, որքան թանկ է ՀԱՊԿ-ի նման կազմակերպություն իր մասնակիցների համար: Գոնե մինչև այն պահը, երբ այստեղ չեն քննարկվում իրենց անձնական խնդիրները»: