ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Մխիթարյանը հերքում է, թե իր եղբայրը՝ Անդրանիկ Մխիթարյանը, օգտագործել է իր և Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի՝ ոստիկանությունում ունեցած կապերը Ամալյա Նազարեթյանին հոգեբուժարան տեղափոխելու համար: Այս մասին նա ասել է «Հայկական ժամանակ»օրաթերթի հետ զրույցում:
«Էդ բոլորը հերյուրանքներ են: Նման բան չի կարող լինել: Դուք իմացեք, թե էդ կինը ինչեր է արել էդ տարիների ընթացքում: Գնացեք հարցրեք էն մարդկանց, որոնք ճիշտը կասեն»,- ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Ամալյա Նազարեթյանի դեմ բողոքը ոստիկանությունը ստացել էր նրա բնակարանի հարևանությամբ գտնվող «Կոմիտաս» սրճարանի աշխատակիցներից: Սրճարանը պատկանում է Մխիթարյանի եղբորը:
Պատգամավորը հորդորել է լրագրողին միակողմանի չգրել և գնալ հիվանդանոց հարցնել բժիշկներից:
«Համենայնդեպս օրենքի պահանջով է արվել: Քանի տարի համբերել ենք, դիմել ենք միլիցիայություն, միլիցիայությունն իր իրավասությամբ է ամեն ինչ արել»,- ասել է պատգամավորը:
Նա նշել է, որ, խնդրի մասին տեղեկանալով, զրուցել է տեղի համատիրության նախագահի հետ, որ իրեն պատմել է դեպքի մասին:
«Ճիշտն ասած, ասացին, որ հիվանդ է, 10 օր պետք է բուժվի, հետո բաց թողնեն: Ինչ որ գլխավոր բժիշկն էլ հարցազրույց է տվել, ասել է, որ ինքը հիվանդ է», – ասել է Մխիթարյանը
Լրագրողի այն դիտարկմանը, թե պատգամավորն ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնություն չունի և ավելի շատ գործարար է, Մխիթարյանը պատասխանել է. «Ես գործարար չեմ, վետերանների միության նախագահ եմ: Ամեն օր զբաղվում եմ իմ հասարակական գործունեությամբ, պատերազմի մասնակիցների, հաշմանդամների գործերով»:
Հիշեցնենք, որ Ամալյա Նազարեթյանը Ավանի հոգեբուժարան է տեղափոխվել մայիսի 10-ին: Յոթ օր անց դատարանը որոշել է, որ նա հարկադիր բուժման կարիք ունի և վտանգավոր է շրջապատի համար: Երեկ կնոջը այցելել են Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպանները, ում հետ զրույցում Նազարեթյանն ասել է, որ դուրս գալով հոգեբուժարանից դատի է տալու Մխիթարյանների ընտանիքին: Կնոջը բուժող բժիկները իրավապաշտպաններին ասել են, որ նա հանգիստ է խոսում և ագրեսիվ չէ, քանի որ գտնվում է դեղերի ազդեցության տակ:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը նշել է, որ զրույցի պահին Ամալյա Նազարեթյանը «լիովին ադեկվատ» էր:
Նշենք, որ Ամալյա Նազարեթյանի մի քանի հարևաններ ԶԼՄ-ներին հայտարարություն են ուղարկել, որում ասված է.
«Կոմիտաս 56 շենքի բնակիչները խստորեն դատապարտում են մի շարք պաշտոնատար անձանց կողմից օրեր առաջ հանիրավի հոգեբուժարան տեղափոխված Ամալյա Նազարեթյանին լրատվամիջոցներում որպես հոգեկան հիվանդ ներկայացնելու խայտառակ իրողությունը : Երկար տարիներ ճանաչելով Ամալյա Նազարեթյանին, բոլորս փաստում ենք, որ նա լիովին նորմալ, ադեկվատ և ինտելիգենտ անձնավորություն է, երկար տարիներ դասավանդած Օստրովսկու ուսումնարանում, իսկ «Իդեալ» խանութի տերերի կամայականությունների դեմ ընդվզելու համար հոգեբուժարան տեղափոխելն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ: