Այս պահի դրությամբ «Արմավիա» ավիաընկերությունը Հայաստանի պետական բյուջեին պարտք է ավելի քան 7 միլիարդ դրամ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ):
Խոշոր պարտքի պատճառն այն է, որ ավիաընկերությունը, ըստ ՊԵԿ-ի, տևական ժամանակ չի կատարել շահութահարկի, ոչ ռեզիդենտի շահութահարկի, եկամտահարկի, պարտադիր սոցիալական ապահովության վճարի, եկամտային հարկի և պետական տուրքի վճարումները, որոնք էլ կուտակվելով միլիարդավոր դրամների են հասել:
Գումարային հարցը լուծելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն «Արմավիա»-ի դեմ դատական հայց է ներկայացրել: Կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից Վարչական դատարան է ներկայացվել հայցադիմում՝ «Արմավիա»-ից հօգուտ պետբյուջեի 7 միլիարդ 35 միլիոն 703 հազար 888 դրամ (մոտ 17 միլիոն դոլար) գումարի բռնագանձման պահանջով:
Պետական եկամուտների կոմիտեից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել են նաև, որ Վարչական դատարան դիմում են ներկայացրել այս տարվա ապրիլի սկզբին, դատարանն էլ ապրիլի 19-ին որոշել է հայցն ընդունել վարույթ և նախնական դատական նիստ նշանակել մայիսի 27-ին, բայց քանի որ նշված օրը կառավարության որոշմամբ սահմանվել էր ոչ աշխատանքային օր, նախնական դատական նիստը տեղի չի ունեցել, իսկ նիստի նոր օր դեռեւս նշանակված չէ:
Ապրիլի 1-ից սնանկացման գործընթաց սկսած «Արմավիա»-ն պարտք է մի շարք ընկերությունների՝ Հայաստանում և արտասահմանում, չեն վճարվել նաև ավիաընկերության նախկին աշխատակիցների մի քանի ամսվա աշխատավարձերը: Սնանկացման գործընթաց սկսած «Արմավիա»-ն, ըստ օրենքի, պետք է դիմեր դատարան՝ իրեն սնանկ ճանաչելու պահանջով, մինչդեռ մինչ այսօր ավիաընկերությունը նման հայցով դատարան չի դիմել:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան ասել է, որ վարչական դատարանում հարուցված քրեական գործի մասին իրենք վաղուց էին տեղյակ:
«Արմավիա»-ն ընդունում է, որ պարտքեր կան և դրանք շատ են, մենք բանակցություններ ենք վարում, որ պարտքերը մարվեն, բանակցություններ են ընթանում նաև Պետական եկամուտների կոմիտեի հետ», – փոխանցել է Ավետիսովան:
Այն հարցին, թե ինչպե՞ս են վարում բանակցությունները, երբ Պետական եկամուտների կոմիտեն պարտքը բռնագանձելու հայցով դատարան է դիմել, «Արմավիա»-ի մամլո խոսնակը չպատասխանեց:
Հարցի շուրջ պարզաբանումներ «Ազատություն» ռադիոկայանը փորձեց ստանալ նաև Քաղավիացիայի գլխավոր վարչությունից, որտեղից էլ փոխանցեցին, որ «Արմավիա»-ի պարտքի մասին իրենք իրավասու չեն խոսել, իսկ ինչ վերաբերում է Հայաստանում ավիացիոն ոլորտի ապագայի շուրջ տեղի ունեցող քննարկումներին, ապա այս հարցում նորություններ դեռ չկան: