Ազգային հակամարտություններից և արատավոր պետական կառավարումից թուլացած Հարավային Կովկասի երկրները կորցնում են իրենց նշանակությունը միջազգային ասպարեզում: Արևմուտքի երկրները, մտահոգված իրենց տնտեսական խնդիրներով և Մերձավոր ու Հեռավոր Արևելքի ճգնաժամներով, մոռանում են այդ տարածաշրջանի մասին: Որպեսզի Արևմուտքից աջակցություն սպատանա, ինչի կարիքը այս երեք երկրները զգում են, նրանք պետք է բարեփոխումներ անցկացնեն և պակասեցնեն տարածաշրջանային լարվածության մակարդակը: Այսպիսի եզրակացության են եկել «The American Interest» հրատարակության վերլուծաբանները: Ստորև բերված է վերլուծության տեքստը.
«20 տարի առաջ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի պատճառով (սա տարածաշրջան է Ադրբեջանում, որի բնակչության մեծ մասը կազմում են հայերը) հարյուր հազարավոր մարդիկ դարձան փախստական, իսկ Լեռնային Ղարաբաղի շրջակայքում գտնվող ադրբեջանական 7 շրջաններ օկուպացվեցին: Չնայած 1994 թվականին հրադադար կնքվեց, այստեղ ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում փոխհրաձգություն: Քանի դեռ միջազգային միջնորդների ջանքերի արդյունավետ չեն՝ էներգապաշարներով հարուստ Ադրբեջանը մեծացնում է ռազմական հզորությունն արտասահմանյան սպառազինությունների միջոցով՝ երբեմն գերագնահատելով սեփական ուժերը: Հայաստանը կարող է պարծենալ Ռուսաստանի հետ կնքած փոխադարձ անվտանգության համաձայնագրով և իր տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի առկայությամբ: Սակայն Հայաստանը, ըստ էության, գտնվում է մեկուսացման մեջ և նույնպես շատ դեպքերում գերագնահատում է իր հնարավորությունները: Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Վրաստանին կից մի քանի շրջանների ռուսական ռազմական օկուպացիայի սկզբից ի վեր 2008 թվականին հաստատվել է ոչ ամուր զինադադար: Բացի դա, տարածաշրջանային անվտանգությանը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի այլասերված իշխանությունը և տեղի ունեցող անկարգությունները, ինչպես նաև Հայաստանում և Վրաստանում պետական իշխանությունների անկայունությունը:
Սակայն կան նաև դրական կողմեր: Հարավային Կովկասը հանդիսանում է մերձկասպյան տարածաշրջանից համաշխարհային շուկա գնացող նավթի և գազի հիմնական արտահանման երթուղին: Սա Եվրոպան, Միջերկրական ծովի երկրները, Կենտրոնական Ասիան և Չինաստանը կապող ցամաքային տրանսպորտային հանգույց է: Ադրբեջանը հանդիսանում է էներգակիրների խոշոր արտադրող և մատակարար, իսկ կասպյան ռեսուրսները Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածության նվազեցման կարևոր միջոց են ներկայացնում:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով որոշ միտումներ, Հարավային Կովկասի տարածաշրջանի նշանակությունը նվազում է: Ժամանակի հետ Ադրբեջանի մասնաբաժինը համաշխարհային առևտրում կնվազի, քանի որ այլ տարածաշրջաններում դեպի եկամտի աճ տանող նոր բարեփոխական տեխնոլոգիաները ակտիվ զարգացում են ապրում:
Ավելին, չնայաց այն բանին, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի թիկունքային աջակցությունը, որն իրականացվում է հինավուրց Մետաքսե ճանապարհի միջոցով, կարևոր գործոն է մնում, տարածաշրջանի հանդեպ հետաքրքրությունը կնվազի, երբ զորքերը դուրս բերվեն:
Փետրվարին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց երկրորդ ժամկետով, սակայն երկրում բողոքներ սկսեցին, քաղաքական վիճակը ապակայունացվեց և աճեց կոռուպցիան: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման պայմաններում Հայաստանը ակտիվ կապեր է պաշտպանում Իրանի հետ: Երկրի կրթված բնակչությունը իր հնարավորություններին և որակավորմանը համապատասխան աշխատավարձ չի ստանում: Համաշխարհային բանկի տվյալներին համապատասխան՝ Հայաստանում միջին եկամուտը ըստ գնողունակության հավասարության հնարավորության կազմում է ընդամենը 6100 դոլար:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմը բախվում է աճող դժգոհությունների հետ: Մարտի 10-ին իշխանությունները ջրցան մեքենաների և ռետինե փամփուշտների միջոցով ցրել են չարտոնված ցույցը: Ալիևը փորձում է դադարեցնել անկարգությունները՝ մեծ գումարներ տալով կառավարող էլիտային, ճնշելով իր հետ չհամաձայնվողներին և աշխատանքից հեռացնելով անվանական ղեկավարներին: Նավթի և գազի արտահանումից ստացված շահույթի շնորհիվ երկրում միջին եկամուտը կազմում է 8960 դոլար, սակայն հումքի արտադրության առաջնային ցուցանիշների ֆոնի վրա երկրի արտահանման ծավալները նվազում են: Ռեժիմի կողմից ամբողջովին վերահսկվող երկրում այս տարի անցկացվելիք նախագահական ընտրություններում ամենայն հավանականությամբ կգրանցվի Ալիևի «հերթապահ» հաղթանակը:
Վրաստանում 2003 թվականին տեղի ունեցած «վարդերի հեղափոխության» արդյունքում իշխանության եկան երիտասարդ արևմտամետ ղեկավարներ, ովքեր սկսեցին խթանել մեծ թվով բարեփոխումներ: Սակայն նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, սեփական իշխանության ամրպնդմանը զուգահեռ, ընտրություն կատարեց ավտորիտարիզմի օգտին: Անցած տարի հոկտեմբերին անցկացված Վրաստանի պատմության մեջ առաջին ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթանակ տարավ ընդդիմադիր կոալիցիան: Սակայն կառավարությունում առկա լուրջ անվստահության և վարչապետ Բիձինա Իվինիշվիլիի և նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի միջև մրցակցության ֆոնի վրա քաղաքական լարվածությունը երկրում բարձր է մնում: Վրաստանը ժողովրդավարության սկզբունքները խթանելու առումով Հարավային Կովկասում եզակի դեպք է: Այդուհանդերձ, այս ձեռքբերումները հիմա կասկածի տակ են դնում Սաակաշվիլիի հակառակորդները, ովքեր երկրի նախագահի և նրա թիմի դեմ հզոր քրեական հետապնդումների ընթացքում գործում են խիստ ընտրովի: Վերջերս նույնասեռականների դեմ ագրեսիվ մարդկանց խմբերի անցկացրած բռնությունների ակցիաների ֆոնին, որոնք գլխավորել են վրացի ուղղափառ հոգևորականները, նոր կառավարությունից պահանջվում է հավատարմություն ցուցադրել մարդու իրավունքների պաշտպանությանը և քաղաքական ազատությանը վերաբերող իրենց պարտավորություններին:
Դեպի արևմուտք նայելով և ձգտելով նրանց հետ ինտեգրվել անվտանգության և տնտեսագիտական հարցերի զարգացման շուրջ՝ Իվանիշվիլին նվազեցնում է լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում: Վերջինս կրկին համաձայնել է ներմուծել վրացական գինի, հանքային ջուր և գյուղատնտեսական ապրանքներ: Այս գործընթացը խոստանում է ծայրահեղ ձգձգված լինել՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը Աբխազիան և Հարավային Օսեթիան ճանաչել է որպես «անկախ պետություններ»: Վրացական ղեկավարության կողմից անցկացված անհաջող տնտեսական բարեփոխումները թուլացրել են երկիրը: Բնակչության եկամուտը մնում է ցածր և կազմում 5350 դոլար, այն դեպքում, երբ գործազրկության մակարդակը հասել է 30%-ի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկին Խորհրդային Միության անդամ հարևաններին փորձում է միավորել Մաքսային միության մեջ, սակայն Հայաստանը և Վրաստանը մտադրված են խորացնել համագործակցությունն ավելի հարուստ Եվրոպական Միության հետ: Ադրբեջանը նույնպես նախընտրում է համագործակցել եվրոպացիների հետ, ովքեր հանդիսանում են իր էներգառեսուրսների հիմնական օգտատերերը, չնայած այն բանին, որ նրանք քննադատում են Բաքուն մարդու իրավունքների խախտման համար:
Կարևոր է հասկանալ, թե Հարավային Կովկասի երկրները ինչ են անում իրենք իրենց օգնելու համար: Եթե անգամ ինչ-ինչ պատճառներով վերսկսվեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի պատճառով, դա կարող է բերել մարդկային ողբերգության և մեծ թվով զոհերի: Լարվածությունը կարող է պահպանվել այնքան ժամանակ, քանի դեռ կողմնակալ ռեժիմները չեն դադարեցրել օգտագործել ազգային քարտը՝ իշխանությունում մնալու նպատակով: Այնումանայնիվ, այդպիսի քարտ կարող են օգտագործել նաև ժողովրդավարական ղեկավարները: Միջազգային միջնորդությունը ամենայն հավանականությամբ կշարունակվի, սակայն Արևմուտքը չպետք է այն առաջնային համարի, քանի դեռ կողմերը չեն համաձայնել զիջումների գնալ:
Ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները հատկապես Հայաստանում և Ադրբեջանում շատ կարևոր նշանակություն ունեն և արդեն վաղուց պետք է իրագործվեին: Ամբողջ տարածաշրջանում աճում է աղքատությունը և կոռուպցիան՝ վատթարացնելով առկա խնդիրները: Սա վերաբերում է նաև Ադրբեջանին, որն ունի նավթային պաշարներ, բայց տարբերվում է եկամուտների բաշխման անհամաչափ համակարգով:
ԱՄՆ-ի կողմից Հարավային Կովկասի երկրներին ցուցաբերած տնտեսական օգնության ծավալները նվազում են, իսկ Եվրամիությունում կենտրոնացել են իրենց սեփական ֆինանսական դժվարությունների վրա: Եթե Հարավային Կովկասի երկրներն այս խնդիրները լուծելու համար լրացուցիչ ջանքեր չգործադրեն, Արևմուտքի կողմից աջակցությունն ու հետաքրքրությունը կհավասարվեն զրոյի՝ չնայած պոտենցիալ ռիսկերին: 2008-ի Ռուսաստանի ներխուժումը Վրաստան ցույց տվեց Արևմուտքի կողմից հարկադրանքի միջոցառումների հակադրության ավելի ակտիվ և համառ օգնության կարիքը: Ադրբեջանի՝ էներգակիրների մատակարարի դերի նվազման պայմաններում, Արևմուտքի ուշադրությունը գրավելու համար առաջնային է լինելու ժողովրդավարության հասնելը:
Արտերկրում հայկական սփյուռքը Հայաստանին նշանակալից օգնություն է տրամադրում, սակայն մեկուսացումից դուրս գալու համար երկրին լայն միջազգային աջակցություն է հարկավոր: Սա նշանակում է, որ կարելի է բարելավել պայմանները Հայաստանի ներսում:
Չնայած Հարավային Կովկասի երկրները զարգացման ճանապարհով շատ դանդաղ են շարժվում, Արևմուտքին անհրաժեշտ է շարունակել ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար: Եվրամիությունը պետք է Հայաստանի և Վրաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքի, ինչպես նաև Ադրբեջանի, երբ վերջինը մուտք գործի Համաշխարհային առևտրի կազմակերպություն: Նույն կերպ պետք է վարվի նաև ԱՄՆ-ն: Արևմուտքի կողմից աջակցությունը քաղաքացիական հասարարակության համար հատուկ նշանակություն ունի:
Եթե Հարավային Կովկասի երկրները չեն ցանկանում երկրորդ պլանում մնալ, նրանք պետք է դրական փոփոխությունների հասնեն և հրաժարվեն նոր հակամարտություններից: Հակառակ դեպքում իրավիճակը այնտեղ կարող է անկանխատեսելի ձևով զարգանալ:
Վերլուծության հեղինակներ՝ Դենիս Կորբոյ (Denis Corboy), Ուիլյամ Քորթնի (William Courtney), Ռիչարդ Քոզլարիչ(Richard Kauzlarich) և Քեննեթ Յալովիչ (Kenneth Yalowitz):