Home / Հայաստան / Հարկադրաբար հոգեբուժարան տեղափոխված կնոջը կզննի Հայաստանի գլխավոր հոգեբույժը

Հարկադրաբար հոգեբուժարան տեղափոխված կնոջը կզննի Հայաստանի գլխավոր հոգեբույժը

Ավանի հոգեբուժարանում գտնվող Կոմիտասի 56 շենքի 115 բնակարանի բնակիչ Ամալյա Նազարեթյանին չորեքշաբթի օրը կզննի հանրապետության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը: Այս մասին News.am-ին ասել է հոգեբուժարանի տնօրեն Արեգա Հակոբյանը: Նրա խոսքով՝ Թորոսյանի խոսքը կարևոր նշանակություն ունի, և այդ օրը, հնարավոր է, որոշում կկայացվի նրա հետագա ապաքինման վերաբերյալ:

Նշենք, որ Արեգա Հակոբյանը երեկ հերթական անգամ չի թույլատրել «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին տեսակցել Նազարեթյանին` պնդելով, թե տարեց կնոջ առողջական վիճակը վատթարացել է այն բանից հետո, երբ նա օրերս հանդիպել էր լրատվամիջոցի ներկայացուցչի հետ:

Ամեն անգամ պատմելով, թե ինչ է, իր կարծիքով, կատարվել իր հետ, տիկին Ամալյան վերապրում է այդ ամենը, պնդել են Արեգա Հակոբյանն ու նրան բուժող բժիշկը:

Հիշեցնենք, որ Ամալյա Նազարեթյանը Ավանի հոգեբուժարան է տեղափոխվել մայիսի 10-ին: Յոթ օր անց դատարանը որոշել է, որ նա հարկադիր բուժման կարիք ունի և վտանգավոր է շրջապատի համար:

Ամալյա Նազարեթյանի դեմ բողոքը ոստիկանությունը ստացել էր նրա բնակարանի հարևանությամբ գտնվող «Կոմիտաս» սրճարանի աշխատակիցներից: Սրճարանը պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Մխիթարյանի եղբորը:

Ավելի վաղ կնոջն այցելել են Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպանները, ում հետ զրույցում Նազարեթյանն ասել է, որ դուրս գալով հոգեբուժարանից դատի է տալու Մխիթարյանների ընտանիքին: Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ զրույցի պահին Ամալյա Նազարեթյանը «լիովին ադեկվատ» էր:

Նազարեթյանն իրավապաշտպաններին պատմել է՝ ինչպես են իրեն ստիպողաբար բերել հոգեբուժարան:

«Երկու թաղային, չորս տղամարդիկ եկան և ասեցին, որ անձնագիրս վերցնեմ, գնանք ոստիկանություն, իմ բողոքը գրեմ: Ինձ նստացրեցին շտապօգնության մեքենան և տարան: Ճանապարհին մի տեղ կանգնեց մեքենան, մի ոստիկանն իջավ, մի այլ տեղ՝ մյուսը, ինձ բերեցին այստեղ», – պատմել է տիկին Ամալյան:

Նրա խոսքով՝ իրեն հիվանդանոցի ընդունարանում հորդորել են սպասել ոստիկաններին, հետո առաջարկել են բարձրանալ վերև, որ ճնշումը չափեն: Վերևում՝ հոգեբուժարանի երկրորդ հարկում էլ, տիկին Ամալյայի խոսքով, մի քանի անգամ հարվածել են, երբ նա ընդդիմացել է, այնուհետև կապել և միջանցքով քաշել են դեպի հիվանդասենյակ և թողել այնտեղ գտնվող մահճակալին: