ԱԺ ‹‹Ժառանգություն›› խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը ՀՀ վարրապետ Տիգրան Սարգսյանին հարցում է ուղղել՝ խնդրելով պատասխանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայտարարության հետ կապված մի շարք հարցերի: Հիշեցնենք, որ Գորիսում գրանցված միջադեպից հետո Խաչատրյանը հայտարարել էր, որ թողնում է մարզպետի լիազորությունները «մինչև նախաքննության ավարտը»:
Հիմք ընդունելով այդ հայտարարությունը և ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով՝ Զարուհի Փոստանջյանը վարչապետին խնդրել է շտապ տրամադրել պատասխան հետևյալ հարցերի վերաբերյալ.
1. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շարունակում է կատարել մարզպետի լիազորությունները, թե ոչ:
2. Վերադաս մարմնից ստացած թույլտվության մասին Դուք տեղեկացված եք, թե ոչ, եթե այո, ապա որ վերադաս մարմնի մասին է հայտարարում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և որոնք են այդ թույլտվության իրավական հիմքերը:
3. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գտնվում է արձակուրդի մեջ, թե ոչ:
4. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը աշխատանքից բացակայելու հիմքերի մասին, որևէ փաստաթուղթ ներկայացրել է, թե ոչ, եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել փաստաթղթի պատճենը:
5. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազատման մասին կառավարության որոշում առկա է, թե ոչ, եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել որոշման պատճենը:
6. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազատման մասին կառավարության որոշում եթե առկա է, ապա այն, համաձայն ՀՀ Սահմանադրության 88.1 հոդվածի, ուղարկվել է վավերցաման, թե ոչ:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը: Նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, մարմնական վնասվածքներով հիվանդանոցում է, վիրավորվել ու հիվանդանոցում է գտնվում նաև Սուրեն Խաչատրյանի մերձավորներից մեկը՝ Նիկոլայ Աբրահամյանը: