Հայտարարությունները, թե իրանական գազն ավելի թանկ է, քան ռուսաստանյանը, չեն համապատասպանում իրականությանը: Այս մասին հունիսի 4-ին «Ռեգնում» գործակալության հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին:
Դիվանագետը հիշեցրել է, որ Իրանը Հայաստանի հետ գազը էլեկտրաէներգիայով փոխանակելու համաձայնագիր ունի:
«Իրանական գազն ավելի թանկ չէ ռուսաստանյանից, կարելի ասել, որ գինը նույնն է», – ասել է Ռեիսին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրանական գազը կարող է ռուսաստանյան գազի այլընտրանքը դառնալ Հայաստանի համար, դեսպանն ասել է.
«Ցավոք, երբ կառուցում էին հայ-իրանական գազատարը, որոշեցինք, որ խողովակի տրամագիծը մեծ չի լինելու: Այդ իսկ պատճառով իրանական գազը չի կարող լիովին բավարարել Հայաստանի պահանջները: Այլ դեպքում Իրանը, ունենալով գազի մեծ պաշարներ, կբավարարեր ոչ միայն Հայաստանի, այլ նաև շատ այլ երկրների պահանջները»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էին, որ իրանական գազն ավելի թանկ է:
Մովսիսյանի խոսքով՝ Իրանը առաջարկում է 335 դոլար վճարել 1000 խմ գազի համար, և այդ գինը դեռ աճելու է, այդ իսկ պատճառով ավելի ձեռնտու է ռուսաստանյան գազ գնել:
Նախարարը կարծիք է հայտնել, որ իրանական գազը կարող էր այլընտրանք դառնալ, եթե չլիներ բարձր գինը: