Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը պարզաբանել է Ռուսաստան առայժմ չվերադառնալու իր որոշումը այն բանից հետո, երբ Ժնևում արած իր հայտարարությունը գործընկերների և հասարկության կողմից քննադատության և լայն արձագանքի արժանացավ: Նա Facebook-ում կրկին հերքեց երկրից արտագաղթելու մասին կասկածները՝ նշելով, որ Ռուսաստանը «եղել է և միշտ կլինի» իր երկիրն ու տունը, հաղորդում է Newsru.com-ը:
Ինչպես պնդում է շախմատիստը, նա որոշել է առայժմ չվերադառնալ Ռուսաստան, քանի որ չի ցանկանում դառնալ ռեժիմի հերթական զոհը և ցանկանում է հնարավորություն ունենալ Վլադիմիր Պուտինի ռեժիմի դեմ պայքարել երկրի սահմաններից դուրս: «Ես չեմ կարող Պուտինին և նրա հանցակիցներին թույլ տալ լինել երկրի տերը: Պուտինյան քրեական ռեժիմը ընդամենը ժամանակավոր հիվանդություն է, որը, ես հավատում են, երկրի իմունային համակարգի պետք է հաղթահարի»,- գրել է Կասպարովը:
Նրա խոսքով՝ այժմ նա անում է ամեն հնարավորը՝ ռեժիմի անկումը մոտեցնելու համար:
«Այսօր ես շարունակում եմ պայքարը միջազգային ասպարեզում կրեմլյան հանցագործների դեմ»,- բացատրել է նա: Կասպարովը նշել է, որ ինքը Եվրոպայում խթանում է ԱՄՆ-ում ընդունված և «Պուտինի իշխանության հիմքը» խափանող «Մագնիտսկու ակտը»:
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոնը համարում է, որ վերջերս ընդդիմության հանդեպ հալածանքների ուժեղացումը պայմանավորված է նրանով, որ Պուտինը հասկանում է «իր իրավիճակի անկայունությունը»: Նրա կարծիքով՝ իշխանությունը պատրաստ է «մասնավոր քաղբանտարկյալներից անցում կատարել զանգվածային հալածանքների»:
Ընդդիմադիրը հերքել է նախօրեին Ռուսաստանի հետաքննական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մարկինի հայտարարությունը այն մասին, թե Կասպարովին «երբեք չեն կանչել հանձաժողով հարցաքննության, և ընդհանրապես՝ նա հետաքննության համար ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում»: Ինչպես պնդում է շախմատիստը, ավելի վաղ իրեն «հրավիրել են» զրույցի՝ որպես Լեոնիդ Ռազվոզժաևի գործերից մեկով վկա: Գարրի Կասպարովը ենթադրում է, որ ներկայիս իրավիճակում նրա՝ հանձնաժողով ներկայանալը կարող էր ավարտվել «առնվազն ստորագրության դիմաց երկրից չբացակայելով»:
«Ինքս ինձ ռեժիմի հերթական զոհը հռչակելով՝ դժվար թե կարողանամ ազդել Պուտինի վաղաժամ հեռացմանը»,- բացատրել է Կասպարովը: Նա խրախուսել է չկասկածել «ազատ և ուժեղ Ռուսաստանին» իր նվիրվածությունը, ինչպես նաև նրանում, որ ինքը անընդհատ աշխատում է նպատակին հասնելու ուղղությամբ: Նա խոստացել է չդադարեցնել ջանքերը, քանի դեռ Պուտինն ու «նրա հանցակիցները» ընդմիշտ չեն հեռացվել:
Կասպարովը Ռուսաստան չվերադառնալու իր մտադրության մասին հայտնել է Շվեյցարիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր «Ռուսաստանում մարդու հիմնական իրավունքների երկարատև և ոչ բռնի պայքարի» համար UN Watch իրավապահ կազմակերպության կողմից իրեն Մորիս Աբրամի մրցանակ հանձնելու արարողությանը:
«Հիմա ես լուրջ կասկածում եմ, որ Մոսկվա վերադառնալուց հետո ինձ կհաջողվի նորից դուրս գալ: Այնպես որ ես որոշ ճամանակ կխուսափեմ Ռուսաստան վերադառնալուց»,- ասել է նա:
Կասպարովի արտագաղթի մասին բամբասանքները հայտնվել էին դեռևս ապրիլին, սակայն այն ժամանակ նա կտրականապես հերքել էր դրանք: