Հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի 37 րոպեանոց տեսագրությունը հայտնվել է համացանցում: Այն երեկ երեկոյան հրապարակել է «Ա1+» կայքը:
«Ա1+»-ը նշում է, որ միջաադեպի տեսագրությունն իր «ձեռքի տակ է հայտնվել», իսկ որքանով է այն ամբողջական և լիարժեք, «ձեռնպահ ենք մնում մեկնաբանելուց, դա նախաքննական մարմնի գործն է»:
Կայքը նաև ընդգծում է, որ որոշել էր չհրապարակել տեսանյութը, եթե չլիներ գլխավոր զինդատախազ Գևորգ Կոստանյանի արձագանքը Սյունիքի մարզպետարանի՝ երեկ տարածած հայտարարությանը, որում մարզպետարանի ներկայացուցիչները նշել էին, որ դիտել են տեսանյութը և նկարագրել էին տեսածը:
«Սյունիքի մարզպետարանի կողմից Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցածի տեսագրության սղագրումն ու տարածումը նախաքննության տվյալների հրապարակում չէ, քանի որ մինչև տեսագրության առգրավումը այն գտնվել է Խաչատրյանի ընտանիքի անդամների տրամադրության տակ», – հայտարարության առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Գևորգ Կոստանյանը:
Զինդատախազը նաև նշել է, որ տեսագրությունն առգրավվել է դեպքից ժամեր անց:
«Մյուս հարցին, թե այդ դեպքում մի քանի ժամում ինչպե՞ս են մարզպետարանի աշխատակիցները կարողացել դիտել տեսագրությունը և անգամ սղագրել այն, Կոստանյանը պատասխանել է, թե այդ մի քանի ժամվա ընթացքում նրանք կարող էին դիտել, անգամ պատճենահանել տեսագրությունը: Չի բացառվում, որ մեր ձեռքի տակ հայտնվել է հենց այդ պատճենված տեսագրության օրինակը», – նշում է «Ա1+»-ը:
Տեսագրության մեջ ձայներ չեն լսվում: Կայքը սլաքներով ներկայացնում է, թե ովքեր են երևում կադրում, ինչպես նաև նշում է գործողությունները: