Հայաստանի փաստաբանների պալատն ընդունում է, որ դատական համակարգում առկա են բազում խնդիրներ, սակայն պալատը չի միանում մի շարք փաստաբանների կողմից նախաձեռնած գործադուլին, որը անցկացվելու է այսօր և վաղը՝ հունիսի 10, 11-ին:
Նշենք, որ բողոքը վերաբերում է Վճռաբեկ դատարանի կողմից գործերը վարույթ ընդունելու հարցում դրսևորվող կայամականանություններին:
Փաստաբանների պալատի հայտարարության մեջ նշվում է, որ գործադուլը նախաձեռնվել է Պալատի ակումբի նիստում ընտրված հանձնախումբի հինգ անդամներից մեկի՝ Հայկ Ալումյանի կողմից, մինչդեռ մյուս չորս անդամները համաձայն չեն բողոքի ակցիայի անցկացման ժամանակի և որոշ պայմանների հետ: Վերջիններս առաջարկել են Նախագծերի պաշտոնական առաջարկություններ անել Կառավարությանը, սպասել նրա պատասխանին և ապա որոշել ակցիայի հարցը:
«Չնայած այն հանգամանքին, որ ներկա պահին մի խումբ փաստաբանների կողմից առանձին բողոքի ակցիա անցկացնելու փաստը կարող է որոշակի առումով խոչընդոտի հանձնախմբի կողմից կազմակերպվող բողոքի ակցիաների արդյունավետությունը, այնուամենայնիվ, փաստաբանների պալատի խորհուրդը փաստում է, որ օրենքով չարգելված ցանկացած բողոքի ակցիա իրականացնելը դա ցանկացած փաստաբանի կամ փաստաբանների խմբի իրավունքն է»,- ասված է պալատի տարածած հայտարարության մեջ:
Պալատի խորհուրդը այս հայտարարությամբ մերժել է գործադուլի նախաձեռնողներ փաստաբաններ Գևորգ Դավթյանի, Հայկ Ալումյանի և Անի Թորոսյանի դիմումը, համաձայն որի առաջարկվում էր Պալատի կողմից համացանցի և բջջային SMS հաղորդագրությունների միջոցով փաստաբաններին նախապատրաստվող ակցիայի
մասին անհատական ծանուցումներ ուղարկել, ինչպես նաև 2013թ. հունիսի 11-ին 300 հոգու համար նախատեսված դահլիճ վարձակալել:
Խորհուրդը, մինչդեռ, բավարարել է փաստաբանների դիմումը՝ գործադուլի մասին հայտարարությունը Պալատի կայքէջում տեղադրելու մասին: