Լրագրող, հեռուստահաղորդավար Արմեն Դուլյանին աշխատանքից ազատել են ֆեյսբուքյան գրառման պատճառով: Այս մասին Արմեն Դուլյանն ասել է News.am-ի հետ զրույցում: Նրա խոսքով՝ երեկ, հունիսի 10-ին, հեռուստատեսության ղեկավարությունը տեղեկացրել է, որ ինքն այլևս աշխատանքի չգա, քանի որ նրան աշխատանքից ազատելու որոշում է կայացվել:
Ֆեյսբուքյան գրառման մեջ լրագրողն անդրադարձել էր այն փաստին, որ Ռուսաստանում Հանրային հեռուստատեսությամբ, որը նոր է ստեղծվել, թույլ չեն տվել հումորի ժանրում անդրադառնալ Պուտինի ապահարզանի թեմային: «Ես զուգահեռներ էի անցկացրել և կարծիք հայտնել, որ Հայաստանում նույն իրավիճակն է, և այն չինովնիկները, հեռուստապատասխանատուները, որոնք զբաղվում են այդ հարցով մոտավորապես նույն սահմանափակ մտածողությունն ունեն, ինչ-որ Ռուսաստանում: Այսինքն` պետք է չէ զարմանալ: Չգիտես ինչու հեռուստատեսության ղեկավարությունը, որը ինձ համար շշմեցուցիչ էր, դա իր վրա էր վերցրել, որը տարօրինակ էր: Մինչև հիմա շոկի մեջ եմ: Ինչպե՞ս կարող է հեռուստատեսության ղեկավարությունը կարծել, որ ես որպես աշխատող, փող ստացող մի ընկերությունից կարող եմ նման վիրավորական բան ասել հեռուստատեսության ղեկավարության մասին: Խոսքը նրա մասին էր, որ իշխանական մարմինները վերահսկում են բոլոր հեռուստատեսությունները ինչպես մեզ, այնպես էլ նրանց մոտ»,- ասել է Դուլյանը:
Հարցին, թե փորձե՞լ է բացատրել, որ իրեն սխալ են հասկացել, նա պատասխանել է. «Դե ինձ զանգել էր լրատվական ծառայության ղեկավարը, որին ես փորձեցի բացատրել»:
Անդրադառնալով իր հետագա գործունեությանը, լրագրողն ասել է. «Ես պատրաստվում եմ պաշտոն ստանալ, քանի որ Հայաստանի երկրորդ նախագահը այդ պաշտոնը չստանձնեց: Ես կարծում եմ, որ նա Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուի պաշտոնը թողեց ինձ համար, և ես հիմա որոշել եմ Ռոբերտ Քոչարյանի այդ պաշտոնը ստանձնել: Առայժմ ես ստանձնում եմ այդ պաշտոնը: Ուրիշ որևէ բան չունեմ: Ես գիտեմ, որ ՀՀԿ-ականները 3 խնդիր են դրել՝ վերացնել գործազրկությունը, արտագաղթը և աղքատությունը: Հիմա ես գտնվում եմ կառավարության ուշադրության կենտրոնում որպես գործազուրկ»:
«Շանթ» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Աղաս Հունանյանը հրաժարվել է պատասխանել, թե ինչու է աշխատանքից ազատվել Արմեն Դուլյանը՝ միայն նշելով, որ Դուլյանն աշխատանքից ազատվել է հեռուստաընկերության հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով:
Արմեն Դուլյանն ֆեյսբուքի իր էջում, մասնավորապես, գրել էր.
«Բայց ինչ նման ենք…
Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է… Ինչպես կարելի է կատակել նախագահի վերաբերյալ՝ դա պետական հեղաշրջման նման մի բան է… Բայց ինչ նման են ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով…»:
Լուսանկարը՝ Shanttv.com