Էլիտար մոսկովյան հյուրանոցի՝ Lotte Plaza-ի մուտքի մոտ դանակարվել է խոշոր ռուսաստանցի գործարար 51-ամյա Հովիկ Մուրադյանը:
Ինչպես հայտնում է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչությունը, հանցագործին հաջողվել է փախուստի դիմել «Տոյոտա Քամրի» ավտոմեքենայով: Life News-ին հայտնի է դարձել, որ Մուրադյանը հյուրանոց եկել էր հանդիպման: Այն բանից հետո, երբ նա դուրս է եկել իր BMW-ից, նրա հետևից մինչև հյուրանոցի մուտք է գնացել կանաչ գույնի հագուստով տղամարդ: Հասնելով գործարարին՝ հանցագործը դանակի հինգ հարված է հասցրել նրան:
Մահացածը Մոսկվայում հայտնի է որպես խոշոր գործարար: 1992 թվականին եղբոր՝ Մուրադի հետ, Հովիկ Մուրադյանը հիմնադրել է «ԲԱՄՕ» միջազգային շինարարական ընկերությունը: Այժմ Մուրադ Մուրադյանը զբաղեցնում է Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:
Մուրադյան եղբայրների ընկերությունը զբաղվում է տարբեր բարդության կառույցների շինարարությամբ: «ԲԱՄՕ»-ի կառուցած օբյեկտների շարքում են գործարաններ, լոգիստիկ կենտրոններ, մարզականն համալիրներ և հյուրանոցներ, այդ թվում նաև Հայաստանում: Բացի դա, 90-ականների կեսերին «ԲԱՄՕ» ընկերությունը Ուրախների և Հնարամիտների ակումբի գլխավոր հովանավորն էր: