Սոչիում, որտեղ 2014 թվականին տեղի կունենան 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը,չնայած Ռուսաստանի իշխանությունների ձեռնարկած միջոցառումներին, պահպանվում է ահաբեկչական սպառնալիքը, հաղորդում է The Washington Post-ը:
Ռուսաստանցի պաշտոնյաները միջազգային հանրությանը հայտնել են, որ Սոչիում կայանալիք մրցումները կդառնան «Օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենաանվտանգը»: Սակայն հետախուզական տվյալների վերլուծությաբմ զբաղվող փորձագետները հայտարարել են, որ Ռուսաստանի իշխանությունների հանգիստը կարող են խաթարել Հյուսիսային Կովկասի արմատական իսլամիստները: Մասնագետները պնդում են, որ Օլիմպիական խաղերը փաստորեն անցկացվելու են ռազմական գործողությունների շեմին:
«Պարզունակ, բայց արդյունավետ պայթուցիկ սարքեր պատրաստելու համար մեծ փորձ հարակավոր չէ»,- ասում են փորձագետները: Նրանք օրինակ են բերում ամերիկյան Բոստոնում միջազգային մարաթոնի ժամանակ վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունը:
Մոսկվայում վստահեցնում են, որ Ռուսաստանը խաղերի մասնակիցներին և հյուրերին պաշտպանելու է ամենաառաջադեմ տեխնոլոգիաների միջոցով: Օդում Օլիմիպիական խաղերի անվտանգությունը կապահովեն անօդաչու ինքնաթիռները, Սև ծովի ջրերը կպաշտպանեն արագընթաց նավակներ, իսկ մարզական օբյեկտներում պայթուցիկների որոնմամբ կզբաղվեն բջջային ռոբոտները: