Շիրակի մարզի Ամասիայի շրջանի ութ համայնքի բնակիչներ երեկ բողոքի ակցիա են կազմակերպել՝ փակելով Զորակերտ-Գյումրի ճանապարհը, քանի որ կաթ մթերող կազմակերպությունները գյուղացիներին առաջարկել են նախկին 150 դրամի փոխարեն կաթը մթերել 140 դրամով: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է Ամասիայի շրջանի Գառնալիճ համայնքի ղեկավար Վանիկ Մանուկյանը:
«Ընկերությունները պատճառաբանում են, որ գազի սակագնի թանկացման պատճառով իրենք վնասով են աշխատելու, դրա համար նրանք փորձել են գյուղացիներից կաթը 150-ի փոխարեն 140-ով մթերել: Իսկ գյուղացիներն էլ 22-25 մեքենայով փակեցին ճանապարհը: Ընկերություններից և ոչ մի ներկայացուցիչ չմոտեցավ նրանց, միայն վարորդների հետ հեռախոսով կապ հաստատեցին: Իսկ վերջիններն էլ խոստացան կաթի գինը թողնել անփոփոխ` նախկին 150 դրամով», – թերթի հետ զրույցում ներկայացրել է գյուղապետը: