Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի խումբ մտավորականների հետ է հանդիպել և քննարկել Գեզի այգու խնդիրը:
Հանդիպումից հետո իշխող «Արդարացում և զարգացում» կուսակցության (AKP) նախագահի տեղակալ Հուսեյն Չելիքը հայտարարել է, որ քննարկվել է հանրաքվե անցկացնելու հնարավարությունը: Հանրաքվեն կորոշի՝ արդյոք այգու փոխարեն այդուհանդերձ Օսմանյան կայսրության զորանոցների նմանակներ կկառուցվեն:
Կառավարության առաջարկությունը հաջորդել է Թուրքիայում շաբաթներ տևած հակակառավարական ցույցերին և երկրի մի շարք քաղաքներում ոստիկանության և ցուցարարների միջև կատաղի բախումներին:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Հուսեյն Չելիքն ասել է, որ հանրաքվեի առաջարկը միայն վերաբերում է Գեզի այգուն և չի ներառում Աթաթուրքի անվան մշակութային կենտրոնի հարցը:
Էրդողանի հետ միասին իշխող ուժից հանդիպմանը ներկա են եղել Ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը, Մշակույթի և տուրիզմի նախարար Օմեր Չելիքը, Շրջակա միջավայրի և քաղաքային ծրագրման նախարար Էրդողան Բայրաքթարը, ինչպես նաև Հուսեյն Չելիքը:
Ցուցարարներից հանդիպմանը մասնակցել են դերասաններ, ճարտարապետներ, նկարիչներ, գիտնականներ և ուսանողներ՝ թվով 10 մարդ: Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, հանդիպման մասնակիցները Գեզի այգու համար ընթացող ակտիվ պայքարի մաս չեն կազմում և չեն մտնում «Թաքսիմի համերաշխության հարթակ» նախաձեռնության կազմի մեջ, որը միավորում է ավելի քան 70 կազմակերպություններ: Հարթակի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենցից և ոչ մեկին վարչապետի հանդիպմանը չեն հրավիրել:
Խումբը հավելել է, որ այսպիսի հանդիպումները պտուղ չեն տա, քանի դեռ ոստիկանական բռնությունները շարունակվում են: