Հայազգի ամուսիններ Նունե Գևորգյանը և Հովհաննես Կոշկարյանը երեկ Լոս Անջելեսի դատարանի կողմից ազատազրկման են դատապարտվել, համապատասխանաբար, 6 ամիս ու 4,9 տարի ժամկետով՝ գաղտնի տեղեկատվություն տարածելու համար: Գևորգյանը դաշնային դատարանի աշխատակից է եղել:
Դատապարտվածները տեղեկատվությունը փոխանցել են հայկական հանցավոր խմբավորումներին, այդ թվում՝ «Հայկական ուժ» խմբի անդամներին, հաղորդում է AP-ն:
Դատաքննության ընթացքում զույգը խոստովանել էր մեղքը, իսկ Կոշկարյանը նշել էր, որ կեղծել է առողջական ապահովագրության և անձը հաստատող փաստաթղթեր:
Նշենք, որ դեռևս 2010 թվականին ԱՄՆ-ում ձերբակալված Արմեն Ղազարյանի (Պզո) հանցավոր խմբավորումը կեղծ ապահովագրական փաստաթղթեր օգտագործելով միլիոնավոր դոլարներ է հափշտակել «Մեդիքեյր» ապահովագրական համակարգից:
Դատարանում աշխատելու ընթացքում Նունե Գևորգյանին հասանելի են եղել քրեական գործերը և ձերբակալության մասին ծանուցումները: Նա ամուսնու միջոցով «Հայկական ուժ»-ի անդամներին զգուշացրել է սպասվող ձերբակալությունների մասին: Նշենք, որ հայկական այդ խմբավորման ավելի քան 70 անդամներ ձերբակալվել են 2011 թվականին:
Փաստերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Գևորգյանը փաստաթղթերի է տիրապետել առնվազն երկու քրեական գործերով: