Իշխանությունը փորձում է ամեն ինչ մոնոպոլիզացնել՝ ընդդիմությանը հավասար ինքն իրեն քննադատելով:
Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին այսօր ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նա իր զարմանք է հայտնել առ այն, որ երկրում կոռուպցիայի, չահաշահումների մասին երեկ սուր քննադատություններ են արել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և այլ ՀՀԿ-ականներ:
«Մոնոպոլիզացրել են տնտեսությունը, հիմա էլ քաղաքական դաշտն են ուզում մոնոպոլիզացնել: Սա աբսուրդ է, բայց դա արդեն շուտվանից մեր աչքի առաջ տեսնում ենք: Ա-ն ասել ես, Բ-ն էլ պետք է ասես: Մաքրման փուլը մենակ խոստովանությունը չի, դրանից հետո գալիս է ապաշխարհելը: Եթե միայն խոստովանություն է, դա ցինիզմ է», – ասել է Ռուստամյանը:
Ըստ նրա՝ քաղաքական դաշտի մոնոպիոլիզացիայի մեջ պետք չէ մեղադրել ընդդիմությանը, չնայած վերջինս շատ սխալներ է թույլ տվել: Խնդիրը, ըստ ՀՅԴ-ական պատգամավորի, այն է, որ իշխանությունն ընտրության հնարավորություն չի թողել հանրությանը:
«Մենք մանրից մոտեցել ենք բրեժնևյան ռեժիմին, որտեղ այլընտրանք չկար: Բայց տեսանք, որ Խորհրդային Միությունն էլ այլընտրանքը չթողնելով կործանվեց, ուր մնաց փոքր Հայաստանը», – ասել է Ռուստամյանը: