Սյունիքի մարզի Կուրիս և Վահրավար համայնքներն արդեն մի քանի տարի է, ինչ դպրոց չունեն, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Կուրիսի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանը թերթի հետ զրույցում նշել է, որ գյուղում դպրոց չկա արդեն 5 տարի, այդ պատճառով էլ երեխաները հաճախում են Մեղրիի կամ Ագարակի դպրոցներ:
Վահրավարի համայնքապետ Սարգիս Առաքելյանը թերթին տեղեկացրել է, որ գյուղը դեռ 2004 թվականից դպրոց չունի, բայց 12 դպրոցահասակներ կան, որոնք նույնպես հաճախում են Մեղրու և Ագարակի դպրոցներ:
«Դպրոց պահելը ծախս է: Տրանսպորտ էլ չունենք, որով հնարավոր լինի գնալ-գալ, իսկ տաքսին էլ 1500 դրամ է պահանջում: Այս պատճառով ծնողները ստիպված տանում-բերում են: Կամ էլ ընտանիքով գյուղը թողնում են ու գնում, երկու քաղաքներից մեկում վարձով ապրում»,- ասել է գյուղապետը:
Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն, Կուրիսն ունի 112 բնակիչ, իսկ Վահրավարը՝ 57: