Եթե Ղարաբաղի բնակիչները տեսնում են, թե ինչ սարսափելի վիճակում է գտնվում Ադրբեջանը, ինչպես են խախտվում մարդու իրավունքները, ինչպես է կաշառակերությունը ներթափանցել հասարակության բոլոր շերտեր, նրանք, բնական է, չեն ցանկանում, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում: Այսինքն, խնդրի լուծման եղանակներից է Ադրբեջանում իրավիճակի կարգավորումը. այլ տարբերակ չկա: Այս մասին BBC-ի ռուսաստանյան ծառայության հետ զրույցում հայտարարել է մշակութային գործիչ, գրող և ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը:
«Ես համոզված եմ, որ խնդրի լուծմանը խանգարում է իրավիճակը Ադրբեջանում, քանի որ երբ ես ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են և պետք է ունենան նույն իրավունքներն, ինչ ունեն ադրբեջանցիները, և նրանց ոչ մի դեպքում չի կարելի անվանել «թշնամի», ինձ մեղադրում են հայամետության մեջ, ինչը անհեթեթություն է:
Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն ուզում ապրել Ադրբեջանում, նրանց ոչ ոք չի կարողանա ստիպել: Նրանց հետ աշխատանքներ պիտի տարվեն: Իսկ աշխատանքներ կարող են տարվել միայն այն ժամանակ, երբ նրանք տեսնեն, որ Ադրբեջանի ժողովուրդը նրանց անկեղծ է վերաբերվում, որ իրենք ժողովրդի մի մասն են և կարող են այդ երկրում ապրել անվտանգ:
Ադրբեջանի իշխանություններն այս ամենը չեն իրականացնում, սա չարաշահում են, այստեղից էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու ցանկությունը: Մնացած խնդիրները կապված են ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակի հետ, և առանց գերտերությունների միջամտության այս հարցը անհնար է լուծել»,- նշել է Իբրահիմբեկովը:
Հարցին, թե չի վախենում ձերբակալվել Ադրբեջան վերադառնալուց հետո, ռեժիսորը պաասխանել է. «Ես վախենում եմ և ձերբակալությունից, և սպանությունից, ես սովորական մարդ եմ: Գիտեք, որ այժմ ձերբակալված է Իլհար Մամեդովը: Փայլուն երտասարդ, ReAl երիտասարդական շարժման առաջնորդներից մեկն անտեղի գտնվում է բանտում, միայն այն պատճառով, որ քննադատաբար է արտահայտվել և հայտարարել է, որ իր թեկնածությունն է ներկայացնելու նախագահական ընտրություններին: Այսինքն, ալիևյան ռեժիմը փորձում է վնասազերծել յուրաքանչյուր պոտենցիալ վտանգավոր մարդու, քանի որ այդ բոլոր վտանգները անկասկած գոյություն ունեն»:
Լուսանկարը՝ Rian.ru