2012թ. սեպտեմբերի 5-ին Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում ծեծկռտուք է եղել: Դպրոցի ուսուցիչ Մհեր Մնացականյանը ծեծի է ենթարկել ուսմասվար Լիլիթ Մարտիրոսյանին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով՝ պատճառը եղել է աշխատանքային կոնֆլիկտը: Մհեր Մնացականյանը դպրոցում այլևս չի աշխատում:
ՀՀ ոստիկանության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ հարուցված քրեական գործը կարճվել է 2013թ. փետրվարի 27-ին քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (հանցակազմի բացակայության հիմքով):
«Ժողովուրդ»-ը նաև զրուցել է հեռացած ուսուցիչ Մհեր Մնացականյանի հետ, ով հաստատել է, որ միջադեպ եղել է. «Հիմա ես երկրում չեմ: Խոստանում եմ, վերադառնամ, սկանդալային բացահայտումներ կանեմ»:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 23-ին դպրոցում ևս մեկ միջադեպ էր տեղի ունեցել: Աշակերտուհիներից մեկի մայրը՝ Նատալյա Սարգսյանը պնդում է, որ իրեն այդ օրը ծեծի է ենթարկել դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը: