Ազգային պատմության ուսուցման նոր չափանիշների համաձայն հրատարակված դասագրքում, Ռուսաստանում շատ իրադարձություններ և դեմքեր կներկայացվեն տարբեր տեսանկյուններից: Օրինակ, Ստալինի մասին աշակերտներին կպատմեն ինդուստրիլիզացման, «հնգամյակների» և առաջին խորհրդային սահմանադրության համատեքստում, ինչպես նաև կհիշատակեն բռնաճնշումները, Գուլագը և անձի պաշտամունքը: Նոր չափանիշների հեղինակները առաջարկում են ուսումնասիրել գործնականում բոլոր ղեկավարների՝ պետության կառավարման մոտեցումների դրական և բացասական կողմերը՝ որոշ բացառություններով:
Նրանք կոչ են անում չլռել սխալների մասին, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սխալների մասին չափանիշներում ոչինչ չի ասվում, գրում է Vedomosti.ru-ն:
Պուտինի հետ կապված տարեթվերի ցանկում չի հիշատակվում Յուկոսի նախկին համանախագահ Միխաիլ Խոդորկովսկիի մասին, նրա անունը նաև չկա 1990-2000 թվականների պատմական անձանց ցուցակում: Այստեղ նշված են միայն երեք գործարարներ՝ Սերգեյ Մավրոդին, Բորիս Բերեզովսկին և Վլադիմիր Պոտանինը:
Պուտինյան ժամանակաշրջանում գաղափարի ներկայիս տարբերակում հիշատակված չէ նաև չեչենական երկրորդ պատերազմը: Սակայն հեղինակները նախագահ Դմիտրի Մեդվեդևի ժամանակաշրջանում ընդգրկել են 2008 թվականի ռուս-վրացական հակամարտությունը: Նրա նախագահության շրջանի համատեքստում հեղինակները նաև առաջարկում են ուսումնասիրել համաշխարհային ֆինանսական ճգնաժամից Ռուսաստանի դուրս գալու փորձը և Մեդվեդևի օրոք ընդունված ամենաքննարկելի օրենսդրական նախաձեռնություններից մեկը՝ Պետդումայի գումարման շրջանի երկարաձգումը մինչև հինգ, իսկ նախագահի կառավարման շրջանը՝ մինչև վեց տարի:
Միևնույն ժամանակ ներկայիս վարչապետի մի շարք ազատական նախաձեռնություններ գաղափարի տեքստում չեն ընդգրկվել, իսկ Մեդվեդևի վարչապետական շրջանը կուսումնասիրվի «բաց կառավարության» ստեղծման տեսանկյունից: