Պռոշյանի գյուղապետի պաշտոնակատար Արմենուհի Մելիքյանը հրաժարական է տվել, որն ընդունվել է Կոտայքի մարզպետ Կովալնեկո Շահգալդյանի կողմից:
Հիշեցնենք, որ գյուղապետի պաշտոնակատարի և գյուղապետարանի աշխատակիցների միջև միջադեպ էր գրանցվել: Հունիսի 10-ին Մելիքյանին չէին թողել գյուղապետարանի շենք: Գյուղապետարանի աշխատակիցները նշել էին, որ թույլ չեն տա, որպեսզի «մարզպետի նշանակած կամակատարը» ստանձնի գյուղապետի պաշտանակատարի պարտականությունները:
Մելիքյանը Epress.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ զիջել չի պատրաստվում:
Նախորդ շաբաթվա վերջին գրած հրաժարականի դիմումը Մելիքյանը պայմանավորել է հետագայում իր հասցեին հնչած ֆիզիկական հաշվեհարդարի և իր անձը նսեմացնող հայտարարություններից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել էր ապրիլի 2-ին: Գյուղապետի ընտրությունները կայանալու են հուլիսի 14-ին: