Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը «Հայռուսգազարդ»-ում իր մասնաբաժինը կարող է հասցնել 100 տոկոսի: Ինչպես հայտնում է «Գազպրոմ»-ի մամուլի ծառայությունը, այդ հնարավորությունը հունիսի 17-ին քննարկել են ռուսաստանյան ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նշենք, որ ներկա պահին «Գազպրոմ»-ին պատկանում է «Հայռուսգազարդ» ընկերության 80 տոկոսը, 20 տոկոսը տնօրինում է ՀՀ կառավարությունը:
Մովսիսյանն ու Միլլերը քննարկել են նաև գազային ոլորտում հայ-ռուսաստանյան համագործակցության հիմնական հարցերը, այդ թվում՝ «Գազպրոմի» մասնակցությունը Հայաստանի էներգետիկ նախագծերին:
Համաձայն «Գազպրոմ»-ի հաղորդագրության, բանակցություններրի ընթացքում կողմերն անդրադարձել են հայաստանցի սպառողի համար ռուսաստանյան գազի գնագոյացման խնդիրներին:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշում է կայացրել, համաձայն որի մեկ կիլովատ էլէներգիան ցերեկային ժամերին 30-ից կդառնա 38 դրամ, գիշերային ժամերին՝ 25-ից 28, իսկ գազի մեկ խորհանարդ մետրը բնակչության համար կարժենա 156 դրամ:
2012 թվականի ընթացքում «Գազպրոմը» Հայաստանում 1.7 մլրդ խորանարդ մետր բնական գազ է իրացրել։