Երկուշաբթի առավոտյան Բաքվի օդանավակայանից դեպի Ստամբուլ իրականացվող չվերթից բերման է ենթարկվել Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի աշխատակից Մեհման Գուսեյնովը: Նա Ստամբուլով մեկնում էր Օսլո, ուր պետք է Գերդ Բուցերիուսի անվան միջազգային լրագրողական մրցանակը ստանար:
Ըստ ոստիկանների, լրագրողը բերման է ենթարկվել քանի որ նրա դեմ քրեական գործ կա հարուցված, և նրան արգելված է երկիրը լքել:
Սովորաբար նման դեպքերում անձին ուղղակի թույլ չեն տալիս լքել երկիրը, սակայն Գուսեյնովին բերման են ենթարկել և նախ տարել են ոստիկանական տեղամաս, ապա՝ Սաբաիլի շրջանային ոստիկանական բաժանմունք:
Լրագրողը երկրից դուրս չգալու պայմանով ստորագրությամբ ազատ է արձակվել ժամը 23.00-ի սահմաններում, հայտնում է Turan-ը:
Գուսեյնովը հայտարարել է, որ դեռ մեկ ամիս առաջ հետաքննական գործակալությանը, ՆԳՆ ղեկավարությանը և Գլխավոր դատախազությանը տեղեկացրել է մրցանակբաշխությանը մասնակցելու մտադրության մասին:
Լրագրողը պատասխան չստանալը գնահատել էր որպես առարկության բացակայություն:
Մեկ տարի առաջ Գուսեյնովի դեմ խուլիգանության և ոստիկանության աշխատակցին դիմադրություն ցուցաբերելու մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել:
Հետաքննության տվյալներով՝ 2012 թվականի մայիսի 21-ին Շատրվանների Հրապարակում անցկացվող «Հասարակական պալատի» բողոքի ակցիայի ժամանակ տեսագրություն կատարելիս՝ Գուսեյնովը վիրավորել է ոստիկանության աշխատակցի: Լրագրողի խոսքով՝ ոստիկանը կոտրել է իր լուսանկարչական սարքի օբյեկտիվը, և ինքը դժգոհություն է հայտնել՝ ասելով, որ բողոք կներկայացնի ՆԳՆ ղեկավարությանը:
Նա հայտարարել է, որ վերջին տարվա ընթացում իր նկատմամբ ոչ մի քննչական գործողություն չի իրականացվել:
Գուսեյնովը Օսլո էր մեկնում մոր և մի խումբ ադրբեջանցի լրագրողների հետ: Այժմ մրցանակը լրագրողի փոխարեն կստանա նրա մայրը՝ Ֆիրանգիզ Գուսեյնովան:
Գուսեյնովից բացի, այս տարի Բուցերիուսի մրցանակի դափնեկիր է դարձել ևս մեկ ադրբեջանցի լրագրող՝ «Ազադլիգ» ռադիոկայանի աշխատակից Թահմինա Թագիզադեն: