Ռուսաստանը սկսել է մոտ $1 մլրդ ընդհանուր արժողությամբ ցամաքային զինամթերքների մեծածավալ առաքումներն Ադրբեջան: Այս փաստը կարժանանա Հայաստանի բացասական արձագանքին, բայց կօգնի երկու կողմերին հեռու պահել հակամարտությունից, գրում է Vedomosti.ru-ն:
Milkavkaz.net ինտերներ-ռեսուրսի ֆորումում հունիսի 15-ին տեղադրվել են նավահանգստում ցամաքային զորքերի համար նախատեսված զինամթերքի բեռնաթափման, ինչպես նաև փոխադրվող տանկերի լուսանկարներ, որոնք, ինչպես պնդում են ֆորումի այցելուները, հնարավոր է ցուցադրվեն Բաքվում հունիսի 26-ին կայանալիք՝ Ադրբեջանի զինված ուժերի օրվան նվիրված շքերթի ժամանակ:
Ռուսաստանի ՊՆ աղբյուրները «Վեդոմոստիի» հետ զրույցում հաստատել են, որ լուսանկարներն իրական են և արտացոլում են գարնանը սկսված ցամաքային ռազմական տեխնիկայի մատակարարման գործընթացը՝ ըստ 2011-2012 թթ-ին Ադբրեջանի հետ կնքված պայմանագրերի փաթեթի:
«Վեդոմոստիի» զրուցակցի համաձայն, խոսքը վերաբերում է երեք գումարտակ (94 միավոր) Т-90С տանկերի, մոտավորապես երեք գումարտակ (մոտ 100 միավոր) զրահամեքենաների, մեկ դիվիզիոն (18 միավոր) «Մստա-Էս» հրետանային ինքնագնաց կայանքների, մեկ դիվիզիոն (18 արձակման կայանք) «Սմերչ» ԲՄ-30 համազարկային հրթիռային համակարգերի, մեկ դիվիզիոն (18 միավոր) «Վենա» ինքնագնաց հրետանային կայանքների և մեկ ստորաբաժանում (6 միավոր) «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգերի («Բուրատինո» համակարգի նոր տեսակի) մասին:
Պայմանագրով որոշված համակարգերի, ինչպես նաև ռազմամթերքի ընդհանուր արժեքը կարող է կազմել $700 մլն-ից ոչ պակաս, հնարավոր է՝ $1 մլրդ, հաշվարկել է ՌԴ ՊՆ աղբյուրը: Զենք-զինամթերքի մատակարարման համար պատասխանատու «Ռուսօբորոնէքսպորտ» ընկերության ներկայացուցիչը մեկնաբանություններից հրաժարվել է, իսկ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցչից պատասխաններ ստանալ չի հաջողվել:
Սա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև զինամթերքի վերաբերյալ պայմանագրերի առաջին խոշոր փաթեթը չէ: 2011 թվականին կնքվել և իրացվել է մոտավորապես $3մլրդ արժողությամբ պայմանագրերի փաթեթ: Նույն տարի Ադրբեջանը Իսրաելից գնել է ավելի քան $1,6 մլրդ-ի ռազմական տեխնիկա, իսկ Ուկրաինայից և Բելարուսից՝ մեծ քանակությամբ զենք:
Ռուսաստանից Ադրբեջան զենքի յուրաքանչյուր առաքում Հայաստանում հանգեցնում է հիվանդագին արձագանքի ոչ միայն հասարակության մեջ, այլև էլիտայում, բայց այս արձագանքը հաշվի չի առնում, որ Հայաստանը Ռուսաստանից զենք է ձեռք բերում ներռուսաստանյան գներով, և Հայաստանին զենքի մատակարարումը հավասարակշռում է Ռուսաստանից Ադրբեջան իրացված վաճառքները, «Վեդոմոստի»-ի հետ զրույցում նշել է Համաշխարհային Էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Կրիլովը: Նրա խոսքով՝ Ադրբեջանին զենք մատակարարելը Ռուսաստանին թույլ կտա երկիրը պահել իր ազդեցության տակ և կնվազեցնի Բաքվի գնումները միջազգայում շուկայում:
«Այս իրավիճակում կարելի է նմանություն նկատել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրների քաղաքականության հետ, որոնք մեծ թվով զենք են մատակարարում Եգիպտոս, Իսրաել, Հունաստան և Թուրքիա: Այս երկրների կախվածությունը մատակարար երկրներից մեկից ԱՄՆ-ին և Արևմուտքին թույլ է տալիս պահպանել խաղաղությունը իրենց հաճախորդների միջև», – ասել է Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փորձագետ Կոնստանտին Մակիենկոն: