Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ նշվող չահաշահումների վրա զարմանում և դատապարտում են հենց նրանք, ովքեր անմիջական կապ ունեն այդ չահաշահումների հետ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև զարմանք է հայտնել, թե որքան վստահ է Իշխան Զաքարյանը զեկուցում այլոց խախտումների մասին:
«Զարմանում եմ՝ ինչպես է պարոն Զաքարյանը խրոխտ կեցվածքով, հերոսաբար զեկուցում ուրիշների չարաշահումների մասին: Նրան թվում է, որ նրանք շպիոնա՞ժ են անում Ադրբեջանի հաշվին: Ո՛չ, նրանք էլ են առանձնատուն կառուցում», – ասել է Փաշինյանը:
Պատգամավորը նշել է, որ նույն կերպ պետական գումարները թալանողներին պատժելու կոչ է արել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով Հայաստանի խոշորագույն սեփականատերերից է:
«Կոռուպցիոներներին պատժելու կոչ է անում կոռուպցիայի հետ կապված նախկին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, օֆշորային սկանդալի հերոս դարձած վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իշխանության երկվություն է սա. համ կոռումպացված է, համ պայքարում է, համ ապօրինի է, համ պայքարում է ապօրինության դեմ, համ գնդակահարում է, համ պայքարում է բացահայտման համար, արտագաղթը ստիպում է և պայքարում դրա դեմ», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատել է, որ Իտալիայում Հայաստանի Հանրապետությունը մեր հարկերի հաշվին ներկայացված է երկու դեսպանություններով (Իտալիա և Վատիկան), մինչդեռ շատ երկներում մեկ դեսպանատուն էլ չունի:
«Այդ ինչ կարևոր հարցեր է լուծելու ՀՀ դեսպանությունը Վատիկանում: Պարզ է, որ այդ դեսպանատունը բացվել է, որպեսզի Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները հնարավորություն ունենան Հռոմի պապի հետ նկարվելու», – ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավորը:
Վատիկանում Հայաստանի դեսպանն է Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը: