ԱՄՆ Պետդեպի թրաֆիքինգի մասին 2013թ. ամենամյա զեկույցում Հայաստանի դիրքերը բարելավվել են. դասակարգման 2-րդ խմբից Հայաստանը բարձրացել է 1-ին խումբ: Այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:
«ՀՀ կառավարության արդյունավետ ջանքերի շնորհիվ, որոնք համակարգվում են փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ղեկավարության ներքո գործող խորհրդի կողմից, Հայաստանը կարողացավ տեղ գտնել 1-ին խմբի երկրների շարքում, ինչը նշանակում է, որ Հայաստանը համարվում է մարդկանց թրաֆիքինգի՝ այս միջազգային չարիքի դեմ առավել հաջող պայքար ծավալող երկրներից մեկն աշխարհում», – նշված է հաղորդագրության մեջ:
2012թ. ընթացքում Հայաստանում արձանագրվել է թրաֆիքինգի գործերով քննությունների ու քրեական հետապնդումների ավելացում, ընդ որում՝ մեղավորների նկատմամբ կիրառվել են խիստ պատժամիջոցներ և չեն կայացվել պայմանական ազատազրկման վճիռներ:
«Թեպետ առաջին խումբը ամենաբարձր վարկանիշն է, սակայն դա չի նշանակում, որ երկրում թրաֆիքինգի խնդիր գոյություն չունի: Ընդհակառակը, սա ցույց է տալիս, որ տվյալ պետությունն ընդունում է, որ խնդիրը կա, նշանակալի ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ և բավարարում է որոշակի ստանդարտների: Ամեն տարի պետությունները պետք է կարողանան ի ցույց դնել որոշակի առաջընթաց թրաֆիքինգի դեմ պայքարի ասպարեզում, որպեսզի պահպանեն դասակարգման սանդղակում իրենց առաջատար դիրքը: Թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված աշխատանքները երբեք ոչ մի երկրում չի կարելի ավարտված համարել», – անդրադառնալով զեկույցին՝ իր տեսաբլոգում հայտարարել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: