Հայաստանը ծրագրում է տիեզերք ուղարկել Armsat անվանմամբ սեփական արբանյակը: Իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել վերջապես օգտագործել Հայաստանին պատկանող ուղեծրային երկու դիրքերը, որոնցից մեկը նախատեսված է հեռարձակումների, մյուսը՝ հեռահաղորցական նպատակների համար, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ռադիոկայանի հետ հարցազրույցում պարզաբանեց Տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը, այդ նպատակով ստեղծված «Արմկոսմոս» ընկերությունն այժմ զբաղվում է տիեզերքի ուղեծրային դիրքում Հայաստանի իրավունքի գրանցման հարցերով, ինչից հետո Հայաստանը պետք է թողարկի սեփական արբանյակը:
Գրիգորյանի գնահատմամբ՝ ծրագիրը կարժենա մոտավորապես 250 միլիոն դոլար: Պետությունը, նրա փոխանցմամբ, ներգրավելու է մասնավոր ներդրողների.
«Ծրագիրը, բնականաբար, չի լինի միայն պետական միջոցներով: Կլինի անպայման պետություն – մասնավոր [հատված] համագործակցության միջոցով: Մենք հույս ունենք, որ կոորդինացումից հետո կունենանք նաեւ մասնավոր ներդրողներ»:
Հարցին, թե մտավախություն չունեն, որ այս ոլորտում եւս կարող են մենաշնորհներ ձևավորվել, Գրիգորյանն արձագանքել է. «Երբ ասում ենք` պետություն – մասնավոր, դա չի նշանակում մեկին նվիրել ինչ-որ բան: Մենք դա ասում ենք այն իմաստով, որ ինքը պիտի ունենա անպայման կոմերցիոն գաղափար, ինքը պետք է գումարների հետ վերադարձելիության մասին լինի: Անիմաստ ձևով 200-250 միլիոն դոլար այսօր ոչ ոք չի պատրաստվում ուղղակի ուղարկել ուղեծիր՝ այն ամբիցիաների համար, որ մենք ունենանք Armsat արբանյակը: Ես չեմ կարծում, որ այդտեղ կան ռիսկեր, ու կարող ենք ինչ-որ նման բաներ լինել»:
Նրա փոխանցմամբ՝ նախագծի նկատմամբ հետաքրքրություն կա, սակայն ամեն ինչ կախված է տեխնիկատնտեսական հիմնավորվածությունից, թե որքանով նախագիծը շահութաբեր կլինի կոմերցիոն տեսանկյունից: Գրիգորյանը նշել է, որ «այս փուլում բանակցություններ չեն ընթանում»:
Հարցին, թե կարելի է պնդել, որ սեփական արբանյակ ունենալը Հայաստանի համար կենսական նշանակություն չունի, քանի որ հայաստանյան բազմաթիվ ընկերություններ հեռահաղորդակցության նպատակով վարձակալում են այլ երկրների արբանյակներ, Գրիգորյանը պատասխանել է, թե «հեռահար իմաստով պետությունն իր սեփական արբանյակի կարիքն ունի, քանի որ, նախ, ուղեծրային դիրքերը համարվում են բնական ռեսուրս, որը պետությունը պետք է օգտագործի, և ապա՝ դրա կարիքը կա ռազմական և արտակարգ իրավիճակների առումով: