Վրաստանը նեղացել է Հայաստանից, երբ վերջինս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ժամանակ հերթական անգամ դեմ է քվեարկել փախստականների` Աբխազիա և Հարավային Օսիա վերադարձի մասին բանաձևին: Այս մասին գրել է «Ռադիո Սվոբոդա»-ի թղթակից Վադիմ Դուբնովը, ով անդրադարձել է Հարավային Կովկասում դժգոհությունների ավանդույթին, հայերի՝ վրացիներին «չսիրելուն» և «միասնական» Բաքվի ու Թբիլիսիի՝ Ռուսաստանին «մերժելուն»:
– ՄԱԿ-ի բանաձևը խորամանկ բան է: Կապ չունի՝ այն ինչ է կոչվում: Ի՞նչ է՝ մի՞թե հայերը իսկապես դեմ են փախստականների՝ իրենց տները վերադառնալուն: Դա քիչ հավանական է: Անգամ Զինբաբվեում ու Վիետնամում դրան ոչ ոք դեմ չէ: Բայց դեմ քվեարկողների առարկությունները խնդրի էությանը չեն վերաբերում:
Հայաստանը պաշտոնապես դժգոհ է, որ քննարկումը ԵԱՀԿ-ից տեղափոխվել է ՄԱԿ: Այսպիսի փաստարկներ երբեմն բերվում են. իրականում բոլորը ամեն ինչ հասկանում են, և տարհամոզելը հիմարություն կլիներ: Երևանը չի կարող քվեարկել վրացիների օգտին, քանի որ այդ դեպքում կքվեարկեր Ղարաբաղի ադրբեջանցիների օգտին: Եվ ընդհանրապես, ինչո՞ւ պետք է Երևանը քվեարկի Թբիլիսիի օգտին, եթե Թբիլիսին այսպիսի իրավիճակներում քվեարկում է Բաքվի օգտին:
Հարցը, թե ինչ կապ ունեն Սուխումի չվերադարձող փախստականները Շուշի չվերադարձող փախստականների հետ, անքաղաքավարություն է համարվում: Ի՞նչ կապ ունի իրականությունը, երբ հայերը վրացիների դեմ են:
Փախստականները զանգվածայնորեն ոչ մի տեղ ու ոչ մի անգամ չեն վերադառնում: Սա ունի տարբեր պատճառներ: Պատճառներից մեկն այն է, որ մեծանում է սերունդ, որը չի հասկանում՝ ուր և ինչու պետք է վերադառնա, և ոչ մի բանաձև սա չի կարող փոխել: Կապ չունի՝ ով է կողմ, ով՝ դեմ:
Առավել ևս անիմաստ են նախադեպերը: Ամեն կոնկրետ դեպք փախստականների վերադարձի վերաբերյալ ունի իր սկզբունքներն ու խոչընդոտները: Դրանք գոյություն ունեն և Աբխազիայում, և Ղարաբաղում, և ոչ մի նախադեպ դրանք չի դարձնի միանման:
Խոսքը իրականում դժգոհությունների ավանդույթի մասին է: Հետխորհրդային Հարավային Կովկասում գործում է դժգոհությունների ավանդույթի քաղաքականությունը: Ղարաբաղյան ճակատը դրանցից միայն մեկն է:
Եվ Վրաստանը, և Ադրբեջանը անջատողականության խնդիր ունեն: Սա նշանակում է, որ նրանք միասնական են: Թբիլիսին վստահ է, որ Սուխումին կվերադարձնի, այսինքն, այն ուղղակի ստիպված է հավատալ, որ Ղարաբաղը կլինի Ադրբեջանինը: Բաքվի թշնամին Երևանն է, իսկ Թբիլիսիից Երևանը պահանջում է վերադարձնել իր եկեղեցիները: Թբիլիսին Մարնեուլիում ադրբեջանցիների հետ ավելի լավ հարաբերություններ չունի, քան Ջավախեթիի հայերի հետ, սակայն սա չի խանգարում այն պատկերացմանը, որ Թբիլիսին ու Բաքուն՝ ամբողջ աշխարհի համար կարևորություն ներկայացնող այս տարածաշրջանում դաշնակիցներ են: Կարծիք կա, թե ըստ պապերից եկած ավանդույթների, Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ Ադրբեջանն ու Վրաստանը՝ ոչ, և սա նույնպես նպաստում է կովկասյան ուժային գոտիների դիրքերին, և հետևաբար՝ ՄԱԿ-ում քվեարկությանը:
Հարավկովկասյան քաղաքականության պարզությունն ու թարմությունը ամբողջովին կապված է այս կարծիքի հետ:
Ինչպես այսպիսի իրավիճակներում տրամաբանական է համարվում, ազդանշանները դառնում էն քաղաքականության կենտրոնացված մարմնավորում: Ազատական հայաստանցիներն իրենց իշխանություններին քննադատում են վրացիներին դավաճանելու համար, ինչպես նաև այն բանի համար, որ Ռուսաստանից գազային կախվածությունը նվազեցնելու համար մատը մատին չտվեցին: Հեղափոխությունը ինքնին չափանիշ է դառնում: Վրացական ֆորումները արդեն մրցում են՝ ինչպես հայերին «կուլ տալ», հայերը հետ չեն մնում և վրացիներին հիշեցնում են ամեն ինչ՝ սկսած նրանից, որ վրացիները յուրաքանչյուր հակամարտությունից պատրաստ են օգուտներ քաղել, մինչև տարանցիկ սակագներ: Ավանդույթն ամրանում է: Եվ ամրանում է այն ժամանակ, երբ գաղտնի և տեկտոնային կերպով ամեն ինչ սկսում է դանդաղ փոխվել: Կարելի է ասել, որ Հայաստանը այսօր վճարում է Ռուսաստանին հին նվիրվածության հաշիվների համար: Կարելի է նաև ասել, որ այս հաշիվները նրանց ներկայացվել են: Այս հաշիվները նրանց ներկայացրել է Ռուսաստանը՝ երկար սպասված անհավատարմության դիմաց: Կամ, նվազագույնը, երկար սպասված երկակիության դիմաց:
Բայց չէ՞ որ վրացիներն էլ ստիպված չեն բողոքել նման երկակիության բացակայությունից: Եվ ոչ միայն հիմա՝ անցած հոկտեմբերից հետո: Եթե ամբողջովին անկեղծ լինենք, ապա նրան երբեք էլ ստիպված չեն եղել բողոքել: Բայց ավադույթներն անդառնալի են, ինչքան էլ չնչին լինի դրանց կապը իրականության հետ: Օկուպացված տարածքների մասին անիմաստ օրենքի վերաբերյալ անիմաստ վեճը նույնքան սկզբունքային է, ինչքան փախստականների վերադարձի օգտին քվեարկած երկրների թիվը: Բաքուն, որը ստիպված էր «պերսոնա նոն գրատա» ճանաչել Մոնսերատ Կաբալյեին, թվում էր, թե հանդես էր գալիս որպես ընդհանրապես նման մոտեցումների ինքնաբացահայտման առաջամարտիկ: Բայց ոչ: Ազդանշանն ավելի կարևոր է, հարցը միայն նրանում է՝ նստեցնել, թե՞ տուգանել: Ավանդույթները, ի տարբերություն իրականության, անփոփոխ են:
Հայաստանը, ինքը փոխվելով, քվեարկում է Վրաստանի դեմ: Վրաստանը նեղանում է՝ կարծես թե ինքը չի փոխվում: Վրացիները հայերի դեմ: Սա կարևոր է թե գազի սակագներից, թե նրանից, որ փախստականները չեն վերադառնում: