Home / Հայաստան / Ադրբեջանական կուսակցությունը հրապարակել է «Թուրքիայի երկու թշնամիների» լուսանկարը

Ադրբեջանական կուսակցությունը հրապարակել է «Թուրքիայի երկու թշնամիների» լուսանկարը

Ադրբեջանական «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը «Թուրքիայի երկու թշնամիներ՝ միասին» գրառմամբ 20 տարվա վաղեմության լուսանկար է տեղադրել իր կայքում, որի վրա պատկերված են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) առաջնորդ Աբդուլլա Օջալանը:

ՔԲԿ-ին հրապարակման մեջ անվանում են ահաբեկչական մարքսիստական կազմակերպություն, որը նպատակ ունի մասնատել Թուրքիան: Մերկելի վերաբերյալ նշվում է, որ թեև 20-25 տարի առաջ նա արդեն քաղաքականությունում էր, սակայն դեռևս պետական գործիչ չէր, իսկ Օջալանն արդեն կուսակցություն էր ստեղծել:

«Հնարավոր է, որ այս լուսանկարը արվել է այն ժամանակ, երբ Մերկելը զբաղեցնում էր Գերմանիայի կանանց ու երիտասարդների հարցերով պետքարտուղարի պաշտոնը: Լուսանկարից երևում է, որ նրանք ակնհայտ համակրանք են տածում միմյանց հանդեպ: Մենք այս լուսանկարը հրատարակում ենք, մասնավորապես, Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի հակաթուրքական դիրքորոշման պատճառով»,- ասված է հրապարակման մեջ:

Նշենք, որ Ստամբուլում ցուցարարներին ճնշելուց հետո Մերկելը հանդես է եկել առաջարկով՝ դադարեցնել Թուրքիան Եվրամիությանն անդամագրելու շուրջ բանակցությունները:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունն արդեն լեզու է գտել լուսանկարում պատկերվածներից մեկի՝ ահաբեկչական կազմակերպության ղեկավար Օջալանի հետ, ով բանտարկված է Իմրալա կղզում: Քրդական առաջնորդն արդեն բազմիցս կոչ է արել իր ժողովրդին հրաժարվել պայքարի բռնի մեթոդներից: