2013 թվականին Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքերը «Ձախողված երկրների ցուցիչ» (Failed States Index) վարկանշային աղյուսակում, որը հրապարակում է ԱՄՆ-ում գործող «Խաղաղության համար հիմնադրամ» (Fund For Peace) կազմակերպությունը: Աղյուսակը կազմակերպության կայքում տեղադրվել է 2 օր առաջ, այն պաշտոնապես կներկայացվի հուլիսի 9-ին Վաշինգտոնում:
«Խաղաղության համար հիմնադրամ»-ը երկրները գնահատում է 12 ցուցանիշներով, որքան ցածր տեղ է զբաղեցնում աղյուսակում երկիրը, այնքան ավելի կայացած է այն: Անցյալ տարի Հայաստանը հավաքել էր 72.2 տուգանային միավոր և գտնվում էր 102-րդ տեղում: 2013 թվականի աղյուսակում Հայաստանն ունի 71.3 միավոր, որը թույլ է տալիս զբաղեցնել 105-րդ տեղը ու ըստ այդմ լինել «Նախազգուշացման» գոտում: Գալիք տարիների ընթացքում մեր երկիրը չի կարողանա փոխել խումբը. աղյուսակում հաջորդ՝ «Դիտարկման» գոտուն դասվելու համար հարկավոր է հավաքել 60-ից պակաս միավոր, ինչից Հայաստանն առայժմ հեռու է: Ամենավատ՝ «Ահազանգի» գոտուց մեր երկիրը նույնպես հեռու է կանգնած. տվյալ դասակարգման մեջ ընդգրկված են 90 միավորից ավել հավաքած երկրները:
12 ցուցանիշներից ամենացածրը, ինչպես և նախորդ տարիներին, Հայաստանը գրանցել է «Երկրում իշխող վերնախավի ազդեցության աճը» անվանակարգում՝ 10 տուգանային միավորից ստանալով 7-ը: Սա նախորդ տարվա արդյունքի կրկնությունն է: Նույնքան տուգանային միավոր է Հայաստանը հավաքել «Փախստականների և ներքին տեղահանվածների տեղաշարժ» անվանակարգում: Մեր երկիրը վատ ցուցանիշ է գրանցել նաև «Մարդու իրավունքների և օրենքի խախտում» անվանակարգում՝ 6.8 միավոր:
Լավագույն ցուցանիշը Հայաստանը գրանցել է «Պետական մարմինների գործառույթներ» անվանակարգում՝ 4.4 տուգանային միավոր:
Աղյուսակում վերջին՝ 178-րդ տեղը 18 միավորով զբաղեցնում է Ֆինլանդիան, որը, ըստ փորձագետների գնահատականի, աշխարհում ամենակայուն երկրիրն է:
Հայաստանի հարևաններից Վրաստանը 55-րդն է, Ադրբեջանը՝ 76-ը, Ռուսաստանը՝ 80-ը, Թուրքիան՝ 86-ը, Իրանը՝ 37-ը: