Հունիսի 26-ին Ադրբեջանում տոնում են Զինված ուժերի օրը, որոնք պաշտոնապես դարձան 95 տարեկան: Ադրբեջանում հետհաշվարկը սկսել են 1918 թվականի հուլիսի 26-ից, երբ Ադրբեջանական Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվել էր կանոնավոր բանակ՝ Առանձին ադրբեջանական կորպուս:
Այսօր Բաքվում տեղի է ունեցել ռազմական շքերթ. «Ազադլիգ» հրապարակում մեկ ժամ շարունակ ցուցադրել են երկրի Զինված ուժերի սպառազինությունը: Շքերթն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով հերթական անգամ սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի և Ղարաբաղի հասցեին:
Նա հայտարարել է, որ Ղարաբաղում պատերազմը դեռևս ավարտված չէ, իսկ Ադրբեջանի բյուջեում ռազմական ծախսերն իրենց ծավալով կշարունակեն առաջին տեղը զբաղեցնել՝ քանի դեռ «Հայաստանը չի ազատել ադրբեջանական հողերը» և չի կնքվել խաղաղության պայմանագիր:
Ալիևի խոսքով՝ «Ադրբեջանի տարածքների 20%-ի օկուպացիան ժամանակավոր երևույթ է և չի կարող երկար տևել»:
«Ուժեղ Ադրբեջանը թույլ Հայաստանի հետ կարող է խոսել յուրաքանչյուր լեզվով: Ես լիովին համոզված եմ, որ մեր տարածքային ամբողջականությունը ամեն գնով կվերականգնվի: Դրա համար մենք պետք է ավելի ուժեղ լինենք»,- հայտարարել է Ալիևը:
90-ական թվականների սկզբից ի վեր սա Ադրբեջանում անցկացված չորրորդ ռազմական շքերթն է: Շքերթին մասնակցել են Պաշտպանության նախարարության ռազմական կապերի, խաղաղապահ ուժերի, հատուկ նշանակության ուժերի, ծովային հետևակի, Պետական սահմանային ծառայության, Պետական անվտանգության հատուկ ծառայության, ՆԳՆ զորքերի, ԱԻՆ Քաղաքացիական պաշտպանության և ԱԱՆ ակադեմիայի զորքերի անձնակազմերը, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատությունների ուսանողները: Շքերթի հետ կապված՝ Ռազմածովային ուժերի և Առափնյա պահպանության նավերը կառանել են Բաքվի ծովախորշում:
Շքերթին մասնակցել են Ռազմաօդային ուժերի ուսուցողական և մարտական ՄԻԳ-29, Սու-25, Մի-24 և Մի-8/17 ինքնաթիռներ, ինչպես նաև՝ ԱԻՆ Մի-35Մ, Կա-32 և Մի-8 ուղղաթիռներ:
Տրիբունաների առջև անցել են ադրբեջանական «Gürzə» պարեկային մեքենաներ, «Matador» և «Marauder» տեսակի հակաականային պաշտպանության փոխադրամիջոցներ: «Gürzə» պարեկային մեքենան, որը նախատեսված է հատուկ նշանակության ուժերի օգտագործման համար և հագեցած է գնդացիրներով ու հակատանկային հրթիռային համակարգով, առաջին անգամ հանրությանն է ներկայացվել շքերթի ժամանակ:
Բացի դրանից, շքերթին մասնակցել են «Cobra», «Land Rover Defender», ZPT, «Storm Sufa» տեսակի զրահապատ և ոչ զրահապատ մարտական մեքենաներ, «Orbiter-2M» և «Aerostar» տեսակի անօդաչու թռչող ապարատներ:
Մարտական մեքենաների վրա տեղադրվել են 82 միլիմետրանոց տեղական արտադրության ականանետներ: Ցուցադրվել են նաև տարատրամաչափ շարժական հաուբիցներ, իսրայելական արտադրության «Cardom» 120 միլիմետրանոց ավտոմատ ականանետներ, TR-122 «Sakarya» տեսակի 120 միլիմետրանոց ռեակտիվ կրակի համակարգեր, 9К58 «Սմերչ» տեսակի 300 միլիմետրանոց ռեակտիվ կրակի համակարգեր, 120 և 160 միլիմետրանոց ռեակտիվ կրակի համակարգեր, «Գվոզդիկա», «Պիոն» և «Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցներ, ТОС-1А «Սոլնցեպյոկ» տեսակի ռեակտիվ կրականետ, արդիականացված Т-72 «Ասլան» տանկեր, ինչպես նաև վերջերս բանակի սպառազինությանն առաքված Т-90 տանկեր և հետևակի մարտական մեքենաներ ՀՄՄ-2 և ՀՄՄ-3:
Հասարակությանն են ներկայացվել ՀՕՊ արդիականացված С-125 «Պեչյորա», «Ստրելա-10», С-200, С-300, «Ֆավորիտ» տեսակի զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաև վերջերս առաքված «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համակարգեր:
Ադրբեջանի ռազմական բյուջեն 2013 թվականին կազմել է 3,7 միլիարդ դոլար: