«ՀայՌուսգազարդ» ընկերությունում «Գազպրոմի» մասնաբաժնի մեծացումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի Հայաստանում գազի գնի նվազեցման համար: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է «Գազպրոմ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Կուպրիյանովը: Նրա խոսքով՝ ծրագրի շուրջ այժմ բանակցություններ են տարվում հայկական կողմի հետ:
«Կան որոշակի պահեր ներսում գնագոյացման հետ կապված: Հասկանալի է, որ ինչ-որ պահի ներքին գների աճը կանգ է առնում, հետո, բնականաբար, հարկավոր է դա վերականգնել: Բայց Հայաստանի համար գինն իսկապես բարձրացել է, և հիմա մենք գները իջեցնելու ծրագրերի շուրջ բանակցություններ ենք վարում: Մենք հասկանում ենք, թե ինչպես կարող ենք Հայաստանում ավելի ցածր գներ սահմանել. քանի որ Հայաստանում գործում է մեր ընդհանուր ձեռնարկությունը, և ամենայն հավանականությամբ, մենք կկարողանանք այնտեղ մեծացնել մասնաբաժինը, իսկ դա գների նվազեցման համար լրացուցիչ հնարավորություններ կստեղծի»,- հայտարարել է նա:
Այս հարցին, թե կոնկրետ քանի տոկոսով է «Գազպրոմը» գազի սակագինը բարձրացրել Հայաստանում, մամուլի քարտուղարը նշել է, որ նախագահական ընտրություններից հետո երկրում բարձրացել են ներքին գները. «Պետք է, իհարկե, դիտարկել, թե Հայաստանում ինչ ժամանակահատվածում է այդ տոկոսով բարձրացրել գազի սակագինը. իհարկե, մենք դա մեկ փուլով չենք արել»:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշում է կայացրել, համաձայն որի մեկ կիլովատ էլէներգիան ցերեկային ժամերին 30-ից կդառնա 38 դրամ, գիշերային ժամերին՝ 25-ից 28, իսկ գազի մեկ խորհանարդ մետրը բնակչության համար կարժենա 156 դրամ:
2012 թվականի ընթացքում «Գազպրոմը» Հայաստանում 1.7 մլրդ խորանարդ մետր բնական գազ է իրացրել։
«Գազպրոմին» այս պահին պատկանում է «Հայռուսգազարդ»-ի 80 տոկոսը, և ընկերությունը բանակցում է ՀՀ կառավարությունից մնացյալ 20 տոկոսը ստանալու շուրջ: