Խաբված բնակարանատերերը պնդում են, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանի սնանկությունը կեղծ է, նա բիզնեսներ է հիմնում Վրաստանում:
«Տոնուս» ընկերությունից դժգոհ, իրենց խաբված համարող բնակարանատերերի մի խումբ այսօր կրկին բողոքի ակցիա է անցկացրել Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերադարձնել իրենց բնակարանները: Բնակարանները ստանալու հեռանկարը կասկածի տակ է հայտվել «Տոնուս» ընկերության սնանկ ճանաչվելուց հետո:
Խաբված բնակարանատերերն իրենց էմոցիոնալ ելույթներում նշում էին, որ բնակարանները չստանալու դեպքում «պատրաստ են ամեն ինչի», առաջին քայլը լինելու է ԱՄՆ դեսպանատնից քաղաքական ապաստան խնդրելը:
Հիշեցնենք, որ «Տոնուսի» սնանկ ճանաչվելուց հետո՝ «Արցախբանկը» հայտարարել է, որ 155 նախնական պայմանագիր ունեցողները բնակարանատերեր չեն, քանի որ նրանք ունեն միայն առքուվաճառքի նախնական պայմանագրեր: Ըստ բանկի՝ խնդրո առարկա Փափազյան 118/1 և Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում կառուցող շենքերը «Տոնուսը» գրավ է դրել բանկում և գումար ստացել, ուստի առաջին պարտատերը բանկն է:
Ակցիայի մասնակիցներն ասել են, որ իրենք վստահ են, թե «Արցախբանկը» չէր կարող չիմանալ Աշոտ Տոնոյանի խարդախությունների մասին, քանի որ գործարքներն իրականացնողները երկուսն են եղել՝ « Տոնուսը» և «Արցախբանկը»: Ըստ բնակիչների՝ «Տոնուս»-ը արհեստական սնանկություն է ձևակերպել՝ իրենցից ավել փող խլելու համար:
«Շինարարներն ասում են, որ 250 դոլարից ավել չի նստում քառակուսի մետրի կառուցումը, «Տոնուսը» վաճառել է 500-900 դոլարով, չէր կարող սնանկանալ: Մենք գիտենք, որ, մեր փողերը հավաքելով, Զեյթունի այգին է սարքել, որ ԲՀԿ-ից պատգամավոր ընտրվի»,- ասել է խաբված բնակարանատեր Արսեն Հարությունյանը:
Ըստ ակցիայի մասնակցիների՝ իրենք ընկերությանը ընդհանուր առմամբ վճարել են 4 միլիարդ 300 միլիոն դրամ, սակայն դրա 30%-ն էլ շենքի վրա չի ծախսվել:
Բողոքողներից մի քանիսը պնդում էին, որ Աշոտ Տոնոյանը ոչ միայն սնանկ չէ, այլև նոր բիզնեսներ է սկսում. հուլիսի 7-ին նա Թիբիլիսում բացելու է պահածոների գործարան, իսկ Բաթումիում՝ հյուրանոց:
«Մենք գնալու ենք Վրաստան, եթե մեր խնդիրը չլուծվի: Հայաստանում գիտեն, թող վրացիներին էլ իմանան՝ ով է Աշոտ Տոնոյանը», – ասել է ակցիայի մասնակից Էմմա Ղազարյանը:
Բողոքողներից Զոյա Պետրոսյանը հանդիպել է Կառավարության ներկայացուցիչներից մեկին, ում անունը չի նշել, և վերջինից խոստում է ստացել, որ իրենց հարցը լուծվելու է: Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ մինչև հուլիսի 15-ը՝ սնանկության ճանաչման մեկ ամիսը լրանալը, բնակարանատերերը պետք է առանձին-առանձին դատարան դիմեն: