Հայաստանում չի կարող սպանություն կոծկվել: Այս մասին այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ հերթական բողոքի ակցիան անցկացնող զոհված զինծառայողների մայրերին ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Ծնողները բողոքել են այն փաստի կապակցությամբ, որ տարիներ շարունակ իրենց որդիների սպանության գործերը չեն բացահայտվում, արդարադատություն են պահանջել:
«Հերիք եղավ, որ մեզ ձեռ առնեք: Հերիք եղավ, որ սպանված զինվորների ծնողներին ծաղրեք: Եթե այսպես շարունակվի, գնալու եմ, իմ երեխային հանեմ գերեզմանից ու գնամ, նստեմ որևէ դեսպանատան առաջ ու խնդրեմ, որ մեզ տանեն իրենց երկիր: Ես այլևս հույս չունեմ այս երկրից: Երեխայիս հանելու եմ ու տանեմ: Գնացեք ու փոխանցեք դա Պաշտպանության նախարարին», – Կառավարության շենք մտնող նախարարին ստիպելով կանգնել՝ ասել է բանակում զոհված Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:
«Բացառվում է, որ մեր երկրում չուզենան մեղավորին պատժել: Ձեր գործով ես չեմ կարող որևէ բան ասել, քանի որ գործով զբաղվում են քննիչները: Ուղղակի կարող եմ վստահեցնել, ոչ մեր երկրում չի կարող սպանություն կոծկվել»,- ասել է Թովմասյանը:
Նախարարի խոսքերն առաջացրել են ծնողների զայրույթը. նրանք նշել են, որ իրենց որդիների գործերը սպանությունները կոծկելու վկայություն են: