Երևանի ճարտարապետ Նարեկ Սարգսյանի գործունեությունը հայտնվել է քննիչների ուշադրության կենտրոնում: Պատճառը՝ հասարակական կազմակերպության դիմումն է:
ՀՀ Ոստիկանության Երևանի քննչական վարչությունում նյութեր են նախախատրաստվում, որոնց նպատակն է բացահայտել, թե արդյոք Երևանի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում շահերի բախման կամ իշխանազանցության դեպքերը են եղել, կամ արդյոք Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Խնդիրը քննելու համար ՀՀ գլխավոր դատախազություն դիմում է ներկայացրել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ն:
Տարածած հայտարարության մեջ ԹԻՀԿ-ը նշում է, որ Նարեկ Սարգսյանը, որպես Երևանի գլխավոր ճարտարապետ, պաշտոնավարել է 1999-2004թթ. և 2011թ.-ից մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտոնը: Սարգսյանի օրոք և նրա անմիջական մասնակցությամբ սկիզբ է դրվել Երևանի կենտրոնի խոշորածավալ կառուցապատմանը, որի շինարարական-նախագծային աշխատանքներում ներգրավված է նրան պատկանող ««Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց» ընկերությունը:
«Մասնավորապես, նշված ըներությունն է նախագծել նաև Աբովյան փողոցի 3 հասցեում գտնվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերակցության (ԱՕԿՍ) շենքի և դրան հարակից տարածքում կառուցվելիք հյուրանոցային համալիրը, ինչը նշանակում է, որ քանդման վտանգի տակ են հիշյալ շենքը և դրան հարակից տարածքը, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ համարվում են հանրապետական նշանակության հուշարձաններ:
ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2005թ. հայտնաբերել է Երևան քաղաքում հուշարձանների ոչնչացման փաստերը, սակայն մինչ օրս որևէ մեկը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության չի ենթարկել, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է պատասխանատվություն պատմության և մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու համար», -նշում է ՀԿ-ն:
ԹԻՀԿ-ը նաև ընդգծում է, որ 2008-2011թթ. Սարգսյանը, աշխատելով որպես ՀՀ գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության նախարարի տեղակալ, համատեղել է իր պաշտոնն ու բիզնեսը և ներգրավվել արդեն իսկ կառուցված կամ կառուցապատման ընթացքում գտնվող մի քանի շենքերի նախագծային աշխատանքներում: Նույն գործելաոճը շարունակել է 2011թ.-ից ի վեր՝ կրկին աշխատելով որպես Երևանի գլխավոր ճարտարապետ:
Երևանի գլխավոր ճարտարապետը հանդիսանում է հանրային ծառայող: Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի՝ «Հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը չեն կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»:
«Վերոնշված փաստերի պարագայում ողջամիտ կասկածներ են ծագել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապես Նարեկ Սարգսյանի կողմից հովանավորչության դրսևորման և պաշտոնի հնարավոր չարաշահումների վերաբերյալ», – եզրափակում են հայտարարության հեղինակները: