Թուրքիայի իշխանությունները որոշել են փոխել բանակի կանոնադրությունը՝ զինվորականներին զրկելով պետական հեղաշրջումներ իրականացնելու իրավունքից: Կառավարությունը հունիսի 27-ին խորհրդարանի ուսումնասիրությանն է ներկայացրել համապատասխան փոփոխությունների ծրագիր, հայտնում է Hurriyet Daily News-ը:
Փոփոխությունները կսահմանափակեն զինվորականների մասնակցությունը ներքաղաքական կյանքին: Խորհրդարանը օրինագիծը կսկսի քննարկել 2013 թվականի աշնանը՝ ամառային արձակուրդներից հետո:
Թուրքիայի բանակին հեղաշրջումներ իրականացնելու իրավունք էր տրվել 1960 թվականին: Դրանից ի վեր՝ զինվորականանները չորս անգամ փոխել են իշխանությունը:
Թուրքիայի կառավարությունը փոփոխությունները պատրաստել է երկրում 2013 թվականի մայիսին սկսված զանգվածային բողոքի ակցիաների ֆոնի վրա: Սկզբում ցուցարարները հանդես էին գալիս Ստամբուլում Գեզի այգին քանդելու կառավարության ծրագրերի դեմ, սակայն հետագայում ակտիվիստները սկսեցին քաղաքական կարգախոսներ հնչեցնել՝ պահանջելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարակը:
2003 թվականին իշխանության եկած Էրդողանը առաջին անգամը չէ, որ փորձում է սահմանափակել զինվորականների ազդեցությունը: Նրա կառավարման տարիներին անց են կացվել մի շարք գործընթացներ, որոնց արդյունքում հարյուրավոր զինծառայողներ, այդ թվում՝ գեներալներ, քաղաքական հեղաշրջման փորձի մեղադրանքով հայտնվել են բանտում: