Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա Մուջթահիդ Շաբիսթարին հայտարարել է «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտության մասին»:
«Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելն Իրանի պաշտոնական դիրքորոշումն է, և Իրանը պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի մահմեդականներին»,- հայտարարել է Շաբիսթարին «Հանուն Ղարաբաղի ազատագրման» ադրբեջանական միության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Interfax-religion.ru-ն:
«Ղարաբաղը, ինչպես Պաղեստինը, մահմեդական աշխարհի տարածքի մասն է կազմում: Մեզ համար Ղարաբաղի հարցը նման է Պաղեստինի հարցին: Մենք անբաժան մահմեդական տարածքների բռնակցման փաստը ամոթալի ենք համարում»,- Շաբիստարիի խոսքերն են փոխանցում իրանական ԶԼՄ-ները:
Ղուրանից հատված ընթերցելով, որում նշվում է այն մասին, որ արդյունքում ճնշման և բռնությունների ենթարկված մարդիկ հաղթանակ են տանելու՝ այաթոլլան ընդգծել է, որ հայրենասիրության ոգին պետք է գերակշռի ամբողջ մահմեդական աշխարհում:
«Հույսը չպետք է դնել միայն աղոթքների և աղերսանքների վրա: Պետք է գործել: Հայրենասիրության ոգին պետք է գերակշռի ամբողջ մահմեդական աշխարհում, հատկապես շիա երկրներում՝ Իրանում և Ադրբեջանում, որպեսզի ամբողջ աշխարհում ծածանվեն մահմեդական դրոշները»,- հայտարարել է Շաբիսթարին:
Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղը «մահմեդական երկիր է, որը Ադրբեջանի անբաժան մասն է կազմում»: Նրա խոսքով՝ Իրանն աջակցում է ճնշվողներին, այլ ոչ թե ճնշողներին, և պատրաստ է նպաստել այս հարցի արդար և խաղաղ կարգավորմանը: «Մենք Լեռնային Ղարաբաղի անխիղճ զավթիչներին չենք աջակցում: Ամբողջ աշխարհը բռնակալներին ճանաչում է: Մենք աջակցում ենք Ադրբեջանի մահմեդականներին»,- հայտարարել է Ալի Համենեիի ներկայացուցիչը: