Արարատյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը հունիսի ընթացքում երրորդ անգամ է պաշտոնական հերքումով հանդես եկել՝ կապված օֆշորային սկանդալի հետ: Այս անգամ նա շատ ավելի արագ է արձագանքել հրապարակմանը, որտեղ արծարծվում է նաև իր անունը:
Նավասարդ Կճոյանը հերքում է, թե ինքը 2010 թվականին մի խումբ գործարարների հետ ճաշել է երևանյան «Նոյան տապան» ռեստորանում, իսկ այնուհետև ուղեկցել է նրանց օդանավակայան: Ռեստորանում լինելու փաստի մասին բարձրաձայնել է գործարար Ռուբեն Մկրտչյանը:
«Տեղեկություն էր հրապարակվել, որի համաձայն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Աշոտ Սուքիասյանը 2010թ․ հանդիպել են գործարարներ Ռուբեն Մկրտչյանին, Սերգեյ Տրյուկազյուկին, Ալեքսանդր Վալչիկովսկին, միասին ճաշել «Նոյան տապան» ռեստորանում: Այս մասին իր հարցազրույցում նշել է ինքը՝ Ռուբեն Մկրտչյանը:
Սրբազանը հայտարարում է, որ վերոնշյալ տեղեկատվության և ոչ մի կետ չի համապատասխանում իրականությանն ու հանդիսանում է նախկինում հնչող զրպարտությունների շարքի տրամաբանական շարունակությունը: Արարատյան հայրապետական թեմը կոչ է անում հասարակությանը չտրվել միտումնավոր տարածվող նմանատիպ ապատեղեկատվությունների ազդեցությանը»,- ասված է Արարատյան թեմի տարածած հայտարարության մեջ:
Օֆշորային սկանդալի մասին hetq.am-ն առաջին անգամ գրել էր մայիսի 29-ին՝ նշելով, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի, գործարար Աշոտ Սուքիասյանի և Նավասարդ Կճոյանի անունով Կիպրոսում օֆշորային ընկերություն է գրանցված, որի հաշվին մեծ գումարներ են փոխանցվել: Իր կապը օֆշորային ընկերության հետ Նավասարդ Կճոյանը առաջին անգամ հերքել էր հունիսի կեսերին: Արարատյան թեմի կողմից տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր. «Այսպես կոչված «օֆշորային սկանդալի» հետ կապված, Սրբազանն արդեն հայտարարել է, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ առաքելական եկեղեցուն․ գաղտնի և ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին»:
Դրանից հետո գործարար Աշոտ Սուքիասյանը նամակ էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ նշելով, որ ընկերությունը գրանցելիս ինքն օգտագործել է Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անունները առանց վերջիններիս գիտության:
Քանի որ հայաստանյան ԶԼՄ-ներում օֆշորային սկանդալին առնչվող հայտարարությունները և մեկնաբանություները շարունակվում էին, Նավասարդ Կճոյանը հունիսի 25-ին «Արմենպրես» գործակալության հետ զրույցում ևս մեկ անգամ պնդել էր.
«Այս պատմության հետ ես պարզապես որևէ առնչություն չունեմ, չունեմ հիմնովին, և հետևաբար չեմ կարող տեղեկացված լինել դրա ծալքերին: Հենց սա է պատճառը, որ հասարակության մեջ ծայր առած կասկածները փարատելու դեղատոմս չեմ կարող առաջարկել»:
Հարցազրույցում արքեպիսկոպոսը միևնույն ժամանակ հաստատել էր Աշոտ Սուքիասյանի հետ Կիպրոսում լինելու փաստը.
«Բազմիցս ճանապարհորդել ենք միասին և, կարծես, ճակատագրի հեգնանքով 2011 թվականին եվրոպական երկրների շարքում, ընկերներիցս մեկի՝ Տիգրան Բադալյանի հրավերով մի քանի օրով այցելել ենք Կիպրոս, Նիկոսիա, ուր ներկա ենք գտնվել նաև Աշոտի ընկերոջ՝ Տարոնի ընտանեկան միջոցառմանը: Այդ ժամանակ՝ 2011-ի մարտին, ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ դրանից դեռևս մեկ տարի առաջ, ինչպես հայտնի դարձավ վերջերս, Աշոտ Սուքիասյանն իմ անունն օգտագործել էր իր կազմակերպությունը գրանցելիս»:
Նշենք, որ իր երրորդ հերքումը Նավասարդ Կճոյանը շատ ավելի արագ է արել: Երեկ Արարատյան թեմն իր հայտարարությունը տարածել է hetq.am-ի՝ օֆշորային սկանդալին առնչվող երկրորդ հրապարակումից ժամեր անց: