Որպեսզի ղարաբաղյան հակամարտության բանակցությունները կանգ չառնեն, խնդիրը պետք է դուրս բերվի պատերազմական համատեքստից և ամբողջովին տեղափոխվի քաղաքական համատեքստ: Այս մասին Մոսկվայում հունիսի 28-ին կայացած «Ճգնաժամը Մերձավոր և Միջին Արևելքում և անվտանգության խնդիրները Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում» միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
«Որպեսզի ղարաբաղյան հակամարտության բանակցությունները կանգ չառնեն, խնդիրը պետք է դուրս բերվի պատերազմական համատեքստից և ամբողջովին տեղափոխվի քաղաքական համատեքստ: Դրա համար կան տարբեր ձևեր: Դրանցից մեկը դեռևս մերժվում է կողմերից մեկի կողմից: Դա հակամարտության կարգավորման ժամանակ ուժ չկիրառելու մասին համաձայնությունը կամ պայմանագիրն է»,- ասել է նա:
Կազիմիրովի կարծիքով, սակայն, դա էլ բավարար չի լինի, և հարկավոր կլինեն միջազգային երաշխիքներ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) կողմից:
«Սա միակ իրական ճանապարհն է, այդ թվում՝ օկուպացված հողերի ազատագրման համար, որոնք, ակնհայտորեն, պատկանում են Ադրբեջանին: Իհարկե, կանգնած է նաև Լաչինի հարցը և որոշ այլ հարցեր, բայց դրանք արդեն մանրուքներ են: Եթե պատերազմական գործողությունների վերսկսման անթույլատրելիությունն արձանագրվեր, հայերը ստիպված կլինեին ազատագրել այդ տարածքները: Ղարաբաղում և Հայաստանում դա միշտ չի ողջունվում, ավելի ճիշտ՝ դրան տարբեր կերպ են վերաբերվում. իշխանություններն ավելի իրատես են, քան մեզ հայտնի հանրային կարծիքը»,- նշել է Կազիմիրովը: