Արագածոտնի մարզի գյուղում մասսայական թունավորում է գրանցվել: Բժիշկները փորձում են պարզել պատճառը:
Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում են Առողջապահության նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները՝ օգնություն ցույց տալու համար թունավորված բնակիչներին և պարզելու համար թունավորման պատճառը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է համայնքի նախագահ Գրիգոր Վարդանյանը:
Նրա խոսքով՝ մոտ 40 բնակիչներ վերջին երեկու օրերին ունեցել են զգացողության վատթարացում, սրտխառնոց, փորացավ: Դեղերի շնորհիվ նրանց մեծ մասի մոտ վիճակի լավացում է նկատվում, սակայն բուժումը շարունակվում է:
Գյուղապետն ասել է, թե հավանական է, որ թունավորումը ջրից լինի կամ սննդից: Այժմ հետազոտություններ են անցկացվում՝ պարզելու, թե որն է թունավորման պատճառը:
Առողջապահության նախարարությունից մեզ հայտնել են, որ իրենց աշխատողները գյուղում շրջայցներ են անում, ստուգում նաև գանգատներ չունեցող մարդկանց, փորձում պարզել՝ որքանով է զանգվածային թունավորումը: Դրա պատճառների մասին նախարարությունը խոստացավ հայտարարություն տարածել երեկոյան: