Լուսակերտի զորամասի ժամկետային զինծառայող 21-ամյա Տարոն Հայրունին, ում փնտրում էին հունիսի 28-ից, գտնվել է: Այս մասին Epress.am-ին հայտնել են Ռազմական ոստիկանությունից:
«Ամեն ինչ նորմալ է, ինքը կա, հարազատները ոստիկանության հետ տանում են զորամաս: Զորամասը պաշտոնապես կհայտարարի, թե որ ժամին է ներկայացել: Պատճառները կերևան հետագայում», – ասել են Ռազմական ոստիկանությունից:
Հայրունին Երևանի Ավան թաղամասի բնակիչ է: Վերջին անգամ նրան տեսել էին հունիսի 27-ին Երևանի Մարաշ թաղամասում: Զինծառայողի անհետացման մասին մամուլում հայտարարություն էին տարածել նրա հարազատները:
Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը henaran.am -ի հետ հեռախոսազրույցում ասել էր. «Անհետանալը որն է: Մեզ մոտ դա ունի իր տերմինը՝ զինվորը ինքնակամ լքել է զորամասը: Նախարարությունը տեղյակ է պահել նրա ծնողներին, համապատասխան գերատեսչություններին, որոնման աշխատանքներ են իրականացվում»:
Լուսանկարը՝ henaran.am