Վերլուծություններն այն մասին, թե Եվրամիության և Եվարասիական միության միջև ընտրություն կատարելը Հայաստանի համար վերջնագիր է, որոշակի չափով արհեստական են: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Նա հիշեցրել է, որ երբ 2001 թվականին Հայաստանը միանում էր Եվրախորհրին, վերլուծաբանները կանխատեսում էին, որ այսպիսով Հայաստանն ավելի անկախ կդառնա Ռուսատանից, կդառնա ավելի ժողովրդավար:
«Ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ նման բան տեղի չունեցավ, ընտրությունները շարունակում են կեղծվել, ավելին՝ տեղի ունեցավ Մարտի մեկ, մարդիկ գնդակարահվեցին, քաղբանտարկյալներ եղան», – ասել է փորձագետը:
Բադալյանի խոսքով՝ այժմ էլ որոշ վերլուծաբաններ գուժում են, որ եթե նոյեմբերին չստորագրվի Ասոցացման պայմանագիրը, ապա Հայաստանը կկորցնի անկախությունը, իսկ եթե ստորագրի, կամաց-կամաց կդառնա ժողովրդավարական երկիր: Փորձագետն ընդունել է, որ երկու միություններն իրականում իրար հակադրվող տնտեսական ռեժիմներ են, սակայն այժմ Հայաստանի՝ ընտրություն կատարելն օրհասական չէ, քանի որ, նրա խոսքով, թե Ռուսատանը, թե Եվրոպան այնքան էլ հետաքրքրված չեն մեր երկրով:
«Ռուսաստանի համար Հայաստանը ֆորպոստ է, Եվրոպայի համար՝ Հարավային Կովկասում իր քաղաքականության «փազլ»-ի մի մաս: Ի տարբերություն Ադրբեջանի, որը Եվրոպային գրավում է իր նավթային պաշարներով, և Վրաստանի, որը արևմտամետ քաղաքականություն ունի, Հայաստանի ժողովրդավարացումը մեծ կարևորություն չունի Եվրոպայի համար: Եթե ունենար, Հայաստանի վրա ճնշումներ գործադրելը դժվար չէր անել նաև առանց ասոցացման պայմանագրի»,- ասել է Բադալյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար ևս ավելի կարևոր է Ուկրաինայի հարցը: Հայաստանին Ռուսատանը ոչ միայն Մաքսային միություն կարող է հեշտությամբ մտցնել, այլև Ռուսաստանի կազմ:
Փորձագետը համոզմունք է հայտնել, որ նույնիսկ եթե Հայաստանը նոյեմբերին ստորագրի պայմանագիրը, դա չի նշանակում, որ այն չի կարող հեշտությամբ մտնել Մաքսային միություն, երբ այն ստեղծվի: «Աշխարհում կան շատ երկրներ, որոնք ժողովրդավար են առանց ԵՄ անդամ լինելու: Հայաստանի անկախությունն էլ որևէ միության միանալով չի կասկածի տակ դրվում, այլ նրանով, որ շաբաթական երկրից հեռանում է 1000 մարդ»,- ասել է Բադալյանը: