Home / Հայաստան / Ոստիկանական բաժնում ծեծելուց հետո կոնյակ են առաջարկել, պնդում է տուժողը

Ոստիկանական բաժնում ծեծելուց հետո կոնյակ են առաջարկել, պնդում է տուժողը

Դատարանի նիստի ընթացքում տուժողը պնդել է, որ իրեն ոստիկանական բաժնում ծեծել են ոչ միայն մեղադրյալները, նաև մի քանի այլ օպեր-լիազորներ:

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարնում՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվել է քաղաքացի Ռոբերտ Հովսեփյանի գործով դատաքննությունը: Մեղադրյալի աթոռին են օպեր-լիազորներ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը, որոնք, համաձայն մեղադրանքի, Երևանի ոստիկանության Կենտրոնական բաժնում խոշտանգել են Ռոբերտ Հովսեփյանին՝ պահանջելով խոստովանել մի քանի բնակարանային գողություն կատարելը:

Ինչպես Epress.am-ին փոխանցել է դատական նիստին ներկա Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Զարուհի Հովհաննիսյանը, այսօրվա նիստում մեղադրյալների կողմի միջնորդությամբ ցուցմունք են տվել  բաժնի այլ օպեր-լիազորներ: Նրանք բոլորն էլ ասել են, որ Հովսեփյանին ծեծված չեն տեսել, և երբ Հովսեփյանը բաժնում էր, նրա աչքի տակ կապտուկ էլ չկար:

Նման ցուցմունք է տվել նաև Կենտրոնական բաժնի նախկին քննչականի պետ Արթուր Մկրտչյանը: Տուժողը հարցրել է նրան, թե ինչու է վերջինս օպեր լիազորներին ասել. «էնքան ջարդեք, մինչև խոստովանի»:

Մկրտրչյանը հերքել է, թե նման բան է ասել: Նա հերքել է նաև տուժածի այն հայտարարությունը, թե վերջինիս կոնյակ է տվել ու ասել. «Խմի, հանգստացի, ապրես, որ խոստովանեցիր»:  

Հովսեփյանը  դատարանին հիշեցրել է, որ բժշկական փորձաքննությունն էլ է ցույց տվել, որ ինքն ալկոհոլ է ընդունել ոստիկանության բաժնում:

Նշենք, որ նախորդ նիստերից մեկում ցուցմունք տալով՝ տուժածն ասել էր, որ ոչ միայն երկու ամբաստանյալները, այլև այլ օպեր լիազորներ էլ են մասնակցել իրեն ծեծելուն: Հովսեփյանը ճանաչել էր դահլիճում նստած մի վկայի և ասել, որ նա ևս եղել է իրեն ծեծողներից մեկին՝ Սամվել Առաքելյան անունով:

Ինչպես և նախորդ նիստերին, այս նիստին ևս ասել է, որ «ոստիկաններն արվամոլներ են բերել բաժին և սպառնացել, որ կփչացնեն իրեն»: Տուժողի խոսքով՝  հենց այդ սպառնալիքն է իրեն դրդել խոստովանական ցուցմունք գրել:

Հովսեփյանն ասել է նաև, որ ոստիկաններն իրեն ստիպել են խմել «սուբուտեքս» տեսակի դեղ՝ ապացուցելու համար, որ ինքը թմրամոլ է: «Սուբուտեքսն» ուժող ցավազրկող է, որի կազմում ափիոնային նյութեր կան: Այն հարցին, թե ինպես է տուժողը հասկացել, որ դա «Սուբուտեքս» է, Հովսեփյանը պատասխանել է, որ նախկինում ինքը օգտագործել է այդ դեղորայքը: