«Քարնեգի» կենտրոնի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը Ղարաբաղյան պատերազմի մասին իր հայտնի «Սև այգի» գրքին 3 գլուխ է ավելացրել՝ «1994-2001: ոչ պատերազմ, ոչ խաղաղություն», «Սադախլո: նրանք կռվում են, մենք՝ ոչ» և «Փակուղի և օտարացում»:
Այսօր հեղինակն իր վերահրատարակված գիրքը ներկայացրել է Երևանում: Լրագրողների հետ զրույցում դե Վաալն ասել է, որ սկզբունքորեն անփոփոխ է թողել գրքի մյուս գլուխները: Նրա խոսքով՝ ավելացված գլուխները Մադրիդյան սկզբունքների, կողմերի սպառազինության ավելացման, նոր նախագահների ընտրությունների և առհասարակ երկու երկրներում իրավիճակի փոփոխման մասին են: Հեղինակը հրապարակել է նաև Ռոբերտ Քոչարյանի մի նկար՝ ադրբեջանցի ընկերների հետ, որն արվել է 1986 թվականին Յալտայում՝ ցույց տալու համար, որ միջանձնային հարաբերություններում հայերն ու ադրբեջանիցները խնդիրներ չեն ունեցել:
«Շատ բան է փոխվել, բայց գլխավորը չի փոխվել»,- ասել է դե Վաալը՝ հավելելով, որ 20 տարվա ընթացքում ոչ հայերը, ոչ ադրբեջանցիները չեն փոխել պատկերացումները Լեռնային Ղարաբաղի մասին, քանի որ երկու հասարակություններում էլ բացակայում է ազատ քննարկումը:
Փորձագետի խոսքով՝ պարադոքսն այն է, որ Ղարաբաղի հետ կապված կան մեծ էմոցիաներ, փախստականներ, դժբախտություններ, որոնք երկու կողմի մոտ էլ չեն փոխվել: Դե Վաալը համոզված է՝ հիմնահարցի լուծումը հնարավոր է, բայց դրա համար պետք է խնդրին ռեալ նայել՝ գիտակցելով, որ հակամարտությունից ավելի հետաքրքիր բաներ կան:
Հարցին, թե հավանական համարո՞ւմ է արդյոք հակամարտության լուծումը մոտ ապագայում՝ փորձագետը պատասխանել է. «Գուցե այլ կերպ պետք է հարցը տալ՝ իսկ ինչո՞ւ պետք է լուծել հակամարտությունը: Մեծ մասամբ հակամարտությունները խաղաղ ճանապարհով չեն լուծվում: Ստատուս քվոն ավելի ուժեղ է»:
Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը, ապա, ըստ դե Վաալի, այդ տարբերակը գնալով ավելի հավանական է դառնում, սակայն վերսկսում կարող է լինել պատահական, անկանխատեսելի: Հարցին, թե ինչպես է մեկնաբանում պատերազմի վերսկսման մասին ադրբեջանական իշխանությունների սպառնալիքներին՝ փորձագետը պատասխանել է. «Այո, նման հայտարարություններ արվում են, բայց ես պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը առաջնային խոսակցության թեման չէ Ադրեբջանում, 4-5-երորդն է: Այնպես չէ, որ մարդիկ անհամբեր սպասում են պատերազմի վերսկսմանը: Հայերի մոտ էլ կա ագրեսիա՝ պասիվ ագրեսիա: Եթե դու ասում ես, որ ես հաղթել եմ, ուզում եմ ադրբեջանցիների հետ խաղաղություն լինի, բայց ոչ մի տարածք չեմ տալու, դա հենց ագրեսիա է որ կա»:
Գնահատական տալով Մինսկի խմբի աշխատանքին՝ Թոմաս դը Վաալը նշել է, որ միջնորդները վատ չեն աշխատում, նրանք ներկայացնում են հակամարտության լուծման ձև, սակայն բովանդակության վրա կողմերը պետք է աշխատեն: Ավելին, քան հիմա միջազգային հանրությունն է անում, կարող են անել միայն Ռուսատանն ու Թուրքիան, քանի որ ուրիշների համար ԼՂ-ն առաջնահերթություն չէ:
Հանդիպմանը ներկա Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը դրական է գնահատել դե Վաալի գրքի վերահրատարակման փաստը՝ շեշտելով, որ հակամարտության մասին միջազգային հրատարակություններ քիչ կան: Ըստ Ւսկանդարյանի՝ ինչպես առաջին հրատարակությունը, այս մեկը ևս հայերի կողմից կընկալվի որպես ադրբեջանամետ, ադրբեջանցիների կողմից՝ հայամետ: Իսկանդարյանի խոսքով՝ գիրքը կարող է օգնել հատկապես հակամարտության կողմ չհանդիսացող ընթերցողներին ավելի լավ հասկանալ այն, բայց լուծել այն գիրքը չի կարող: