Կրթության և գիտության նախարարն ամեն կերպ խուսափել է պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում ԱԺ նախագահի այն պնդմանը, թե պետբյուջեն թալանվել է: Ասուլիսի վերջում, երբ լրագրողները ցանկանում էին շարունակել նախարարին հարցեր ուղղել, նա հայտարարել է, որ ամենահաճելի հանդիպումները միշտ կիսատ են մնում:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը չի ցանկացել մեկնաբանել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն դիտարկումը, թե պետական բյուջեն թալանվել է: Այս մասին նաև հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով Ազգային ժողովում Վերահսկիչ Պալատի հաշվետվության քննարկմանը:
«Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ չեք տեսնի «թալան», «կողոպուտ» բառերը: Իսկ քաղաքական գործիչների ասածների մասին մեկնաբանություններ կարող եք ստանալ կամ իրենցից, կամ քաղաքական մեկնաբաններից: Ես ինձ դասում եմ քաղաքական գործիչների շարքին: Ինձանից Հովիկ Աբրահամյանի կամ պատգամավորների ասածների գնահատականներ չսպասեք»,- ասել է Աշոտյանը:
Նա նշել է, որ թուլացած ընդդիմության պայմաններում՝ իշխանությունն իր ներսումը պետք է բազմակարծության, այլակարծության հնարավորություններ ստեղծի:
Այն հարցին, թե արդյոք իշխանության ներսում ընդդիմություն ստեղծելուն էր ուղղված Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հաշվետվությունը՝ Աշոտյանը պատասխանել է, որ խոսքը ոչ թե ընդդիմություն ստեղծելու մասին է, այլ «լճացած ընդդիմության պայմաններում» իշխանության ներսում փոխընդդիմախոսության մասին: