«Բաքու» ֆուտբոլային ակումբի նախագահ Հաֆիզ Մամեդովը ցանկություն է հայտնել, որ ադրբեջանցի ֆուտբոլիստների մասին խոսեն նույնքան շատ, որքան հայաստանցիների: Մամեդովի խոսքով՝ մոտ ժամանակներս ակումբի մարզիչներն ու երիտասարդ ֆուտբոլիստները կմեկնեն Մադրիդ՝ տեղի «Ատլետիկոյում» վերապատրաստվելու:
«Դա տեղի կունենա մեր համագործակցության շրջանակներում: Մադրիդ կմեկնեն նաև մեր ակումբի 5-10 երիտասարդ ֆուտբոլիստներ: Ուզում եմ, որ նրանք ոչ միայն ֆուտբոլ խաղալ սովորեն, այլ նաև կրթություն ստանան: Վերջերս այնքան շատ են խոսում հայ ֆուտբոլիստի տեղափոխման մասին: Ինչո՞ւ չի կարող նաև ադրբեջանցի ֆուտբոլիստը այդպիսի աղմուկ բարձրացնել»,- Մամեդովին է մեջբերում Azerisport-ը:
Նշենք, որ արդեն մի քանի շաբաթ է՝ ԶԼՄ-ները քննարկում են հայաստանցի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխումը եվրոպական գրանդ ակումբներից մեկը: