Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը չի կարողանում ազատվել ցանկությունից բոլորին և ինքն իրեն համոզելու, որ ընդդիմությունը դավաճաններ են: Քաղաքական հակառակորդների հանդեպ այսպիսի անհանդուրժողականությունն անընդունելի է երկրի մի ղեկավարի համար, ով ամբողջ աշխարհին փորձում է ապացուցել սեփական հանդուրժողականությունը: Այս մասին Turan գործակալությանը հայտնել է Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար Էլդար Նամազովը՝ մեկնաբանելով Ալիևի՝ հուլիսի 2-ին Ոստիկանական ակադեմիայում արած հայտարարությունները:
Նրա խոսքով՝ ազգի թշնամիների, ապազգային ուժերի և դավաճանների որոնումը ավտորիտարիզմի դրսևորում է: Ժողովրդավարական երկրում պետության ղեկավարը այսպես չի արտահայտվում, սակայն Իլհամ Ալիևը պարբերաբար նմանատիպ հայտարարություններ է անում՝ ցույց տալով ժողովրդավարական արժեքների նկատմամբ իր իրական վերաբերմունքը:
«Ցավոք, Իլհամ Ալիևը հանդես է գալիս որպես «քաղաքացիական պատերազմի» հրահրող և խթանում է անհանդուրժողականությունը: Ըստ Սահմանադրության՝ նախագահը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների երաշխավորն է, սակայն իր գործողություններով նա երկիրը դրդում է ներքին հակամարտության և ներքաշում քաղաքական ճգնաժամի մեջ»,- ասել է Նամազովը: