Home / Հայաստան / ՀԱԿ փոխնախագահը Սերժ Սարգսյանի գործողություններում իմպիչմենտի հիմք է տեսնում

ՀԱԿ փոխնախագահը Սերժ Սարգսյանի գործողություններում իմպիչմենտի հիմք է տեսնում

Լևոն Զուրաբյանը համոզված է, որ առկա են Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու հիմքեր, սակայն պատրանք չունի, թե Ազգային ժողովը, որտեղ մեծամասնությունը իշխող կուսակցությունն է, կքննարկի այդ հարցը:

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, գնահատական տալով Սերժ Սարգսյանի վերջին հայրարարութուններին, դրանք իմպիչմենտի հիմք է համարել: 

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասել է, որ Սարգսյանը, ըստ էության, ցուցումներ է տվել դատախազությանը՝ ասելով՝ ինչ չափաբաժնով պետք է քրեական գործեր հարուցել, ինչպես նաև հրապարակայնորեն ճնշում է գործադրել Վերահսկիչ պալատի նախագահի և այդ՝ սահմանադրորեն անկախ ինստիտուտի վրա:

«Եթե ապրեինք նորմալ երկրում, սա կհամարվեր սահմանադրական լիազորությունների գերազանգում, ապօրինի ճնշում արդարադատության մարմինների վրա: Սերժ Սարգսյանի գործողությունները հիմք են ստեղծում նրան իմպիչմենտի ենթարկելու համար», – ասել է Զուրաբյանը: 

Նա ասել է, որ պատրանք չունի, թե ԱԺ-ում կքվեարկեն իմպիչմենտի համար, սակայն պարտք է համարում ասել, որ դրա հիմքերը կան:

Զուրաբյանը նաև բացատրել է, թե ինչու է քննարկումների առիթ դարձել Վերահսկիչ Պալատի հաշվետվությունը, որը ոչ մի նորություն չէր պարունակում:

««Ինչքան են գողանում» հարցի պատասխանը Վերահսկիչ Պալատը տվել է 2008 թվականին դեռ: Նախորդ բացահայտումներն ավելի խայտառակ էին», – հիշեցրել է Զուրաբյանը՝ ընդգծելով, որ, 2008 թվականի հաշվետվության համաձայն, բյուջեից 0.5 միլիարդ դոլար է մսխվել:

Ըստ բանախոսի՝  ՎՊ-ի նոր զեկույցի բուռն քննարկումը պայմանավորված է իշխանության ներսում հաստատված ճգնաժամով և այն հանգամանքով, որ Սերժ Սարգսյանի նախագահության վերջին շրջանում նրա շուրջ լոյալության դեֆիցիտ է սկսվել: 

Այս իրավիճակի ստեղծմանը, ըստ Զուրաբյանի, հանգեցրել է նաև ԱԺ-ում արդեն գործող ընդդիմությունը, որի լոկոմոտիվի դերը ստանձնել է ՀԱԿ խմբակցությունը. ընդդիմությունը ստիպել է, որ օֆշորային սկանդալին չկարողանան չանդրադառնալ, բացահայտել է, որ գազի գինը թանկանում է, ինչը հերքում էին իշխանությունները՝ համարելով ընդդիմության սուտը:

«Իշխանությունը չդիմացավ առերեսմանը ընդդիմության հետ: Իշնախության ներսում սկսել է քավության նոխազների փնտրտուք, որը գնալով ինտենսիվանալու է»,-  նշել է Զուրաբյանը:

Նա չի ցանկացել կանխատեսել, թե ովքեր են լինելու քավության  նոխազները. «Սերժ Սարգսյանը ինքը կորոշի՝ ում գլուխը երբ կտրել»: